Մինչ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ իր չհիմնավորված պատերազմը, կառավարությունն ուժեղացրել է հետապնդումները երկրի ներսում՝ ուղղված ընդդեմ կարծիքի արտահայտման, մամուլի, միավորումների և խաղաղ հավաքների ազատությանը։ Ռուսաստանում քրեական պատասխանատվության են ենթարկվում մարդիկ, որոնք փաստեր են հաղորդում ներխուժման մասին կամ քննադատում են Պուտինին։ Նմանապես, Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը շարունակում է բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, հակապատերազմական ցուցարարների, ժողովրդավարական ընդդիմության, անկախ լրատվամիջոցների և շարքային բելառուսների դեմ։
Ի պատասխան՝ Պետքարտուղարությունը Ալեքսանդր Լուկաշենկոյին և նրա ընտանիքի անդամներին զրկել է մուտքի իրավունքից Միացյալ Նահանգներ՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների և խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ մասնակցության համար։
Պետքարտուղարությունը, Ներգաղթի և քաղաքացիության մասին օրենքի համաձայն, ընդունել է մուտքի արտոնագրերի սահմանափակում 38 անձանց նկատմամբ՝ ցուցաբերելու իր աջակցությունը Ռուսաստանի բռնաճնշումների զոհերին։
Ղրիմում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության երկու սպաներ՝ Արթուր Շամբազովը և Անդրեյ Տիշենինը, հայտնվել են պատժամիջոցների ցուցակում՝ խոշտանգումների իրականացման մեջ ներգրավված լինելու համար։
Պետքարտուղարությունը մուտքի արտոնագրերի սահմանափակումներ է կիրառել ևս վեց անձանց նկատմամբ, որոնք, հանդես գալով Ռուսաստանի Դաշնության անունից, մասնակցել են Եվրոպայում բնակվող չեչեն այլախոհների վրա հարձակումներին։ Այս գործողությունները ձեռնարկվել են «Քաշոգիի անվան արգելքի» շրջանակներում։
Միացյալ Նահանգները նաև մուտքի արտոնագրերի սահմանափակումներ է կիրառել 25 անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Բելառուսում ժողովրդավարությունը խարխլելու համար՝ համաձայն թիվ 8015 նախագահական որոշման։
Պետքարտուղարությունը պատժամիջողների ցուցակում ներառել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության 11 բարձրաստիճան պաշտոնյաների՝ կապված Ուկրաինա դաժան ռազմական ներխուժման հետ, ինչը հանգեցրել է անհարկի զոհերի և տառապանքների, այդ թվում՝ երեխաների մահվան։
Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Չեչնիայի Հանրապետության մասնաճյուղի Կուրչալոյի շրջանի, դրա երկու սպաների, Կուրչալոյի շրջանային դատախազության և Մոսկվայի շրջանային դատարանի դատավորի նկատմամբ՝ համաձայն 2012 թվականին ընդունված՝ «Օրենքի գերակայության մասին» Սերգեյ Մագնիտսկու անունը կրող ակտի։
Միացյալ Նահանգները կշարունակի պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր սատարում և իրականացնում են մարդու իրավունքների խախտումներ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և այլուր։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։