Մրցանակը շնորհվում է խիզախ և հաճախ չճանաչված լրագրողներին՝ հակամարտությունների, կոռուպցիայի և անարդարության վերաբերյալ իրենց լրագրողական աշխատանքի համար։
Այս տարվա հաղթողների թվում են իրանցի-ամերիկացի լրագրող Ջեյսոն Մոթլաղը, բրազիլացի լրագրող Ռաֆայել Սոարեսը և Խաբաթ Աբասը` Սիրիայից։
Միջազգային լրագրության ոլորտում 20-ամյա պատմություն ունեցող Քուրթ Շորթի մրցանակն անվանվել է ի պատիվ ամերիկացի անկախ լրագրող Քուրթ Շորքի, որին սպանել էին 2000 թվականին Սիերա Լեոնեում Reuters գործակալության համար առաջադրանք կատարելիս։
Կարևորելով ազատ մամուլի նշանակությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան 30 երկրներում պաշտպանություն և իրավական օգնություն է ապահովում սպառնալիքի տակ հայտնված լրագրողներին։ «Մեր ծրագրերն օգնում են զարգացնել անկախ և փաստահենք լրագրությունը, որը, ինչպես գիտենք, առողջ հասարակության և բարգավաճ տնտեսության հիմքն է», նշել է Սամանթա Փաուերը։
Նրա խոսքերով՝ լրագրողները հաճախ մեծ ռիսկի են ենթարկվում ճշմարտությունն ասելու և հանրությանն իրազեկելու համար.
«Դա միանշանակ վերաբերում է մեր գնահատանքին արժանացած այն լրագրողներին, որոնք լուսաբանել են Աֆղանստանի պատերազմի, Բրազիլիայում արտադատական մահապատիժների, Սիրիայում տեղի ունեցած վայրագությունների, Պակիստանում երեխաների աշխատանքի շահագործման և Նիգերիայի քրեական արդարադատության համակարգի մասին։ Նրանց գործունեության արդյունքում բացահայտվել են պատերազմների և հակամարտությունների իրողությունները և մարդու իրավունքների խախտումները, խտրականությունը և կոռուպցիան։ Եվ իշխանությանը ճշմարտության մարտահրավեր նետելու նրանց ձգտումն իրականացվել է լրագրության համար վճռորոշ ժամանակահատվածում»։
«Լրագրողների վրա հարձակումները՝ ֆիզիկական հարձակումները, իրավական հարձակումները, քաղաքական հարձակումները և ընդհանրապես մամուլի ազատության վրա հարձակումները, հաճախացել են», ասել է Փաուերը։ Միացյալ Նահանգները սատարում է համարձակ լրագրողներին, անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաև արտահաստիքային այլ թղթակիցներին ամբողջ աշխարհում, որոնք շարունակում են իրենց կարևոր առաքելությունը՝ ի հեճուկս այդ սպառնալիքների։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։