Accessibility links

Breaking News

Մարդու իրավունքները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կիզակետում


Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համարում է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն, իրավապաշտպանները արժանանան հարգանքի, իսկ մարդու իրավունքները խախտողները՝ պատասխանատվության ենթարկվեն, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նիստին։

«Ըստ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ մարդու բոլոր իրավունքները համընդհանուր են, անբաժանելի, փոխկախված և փոխկապակցված»։

«Ժողովրդավարությունը և մարդու իրավունքները Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կիզակետում են, քանի որ դրանք առանցքային են խաղաղության և կայունության համար։ Այս հանձնառությունն ամուր է և խարսխված ժողովրդավարության մեր սեփական փորձի վրա՝ ոչ կատարյալ և հաճախ մեր իդեալներին չհամապատասխանող, բայցև միշտ ձգտող ավելի բաց, հարգալից և ազատ երկրի կերտման»։

Դրանով է նաև պայմանավորված, որ Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին անդամակցությունը 2022-2024 թվականների ժամկետի համար։

«Մեզ համար կարևոր է երաշխավորել, որ Խորհրդի անդամ երկրների կազմն արտացոլի մարդու իրավունքների պաշտպանության բարձր չափանիշները։ Մարդու իրավունքների ոլորտում վատթարագույն արդյունքներ արձանագրած երկրները չպետք է լինեն այս Խորհրդի անդամներ։ Մենք պետք է միասին աշխատենք՝ բարելավելու Խորհրդի աշխատանքը և անդամակցությունը, որպեսզի այն կարողանա անել ավելին ամբողջ աշխարհում մարդկանց իրավունքների պաշտպանության համար»։

Չափից շատ անդամ պետություններ գովաբանում են մարդու իրավունքների պաշտպանությունը, նույնիսկ եթե նրանք աշխատում են խորտակել այն արժեքները, որոնց վրա հիմնված է Միացյալ ազգերի կազմակերպությունը։ «Մեզանից յուրաքանչյուրը՝ որպես անհատ, օժտված է մարդու իրավունքներով, և… պետությունները պարտավոր են պաշտպանել այդ հիմնարար իրավունքները», ասել է պետքարտուղար Բլինքենը։

«Նրանք, ովքեր տնտեսական զարգացման խթանման քողի տակ փորձում են խաթարել մարդու իրավունքները, պատասխանատվության են ենթարկվելու, այդ թվում՝ իրենց իսկ իրավունքների ոտնահարման համար։

Մենք կշարունակենք դատապարտել չարաշահումներն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վենեսուելան, Նիկարագուան, Կուբան և Իրանը։ Մենք վերստին կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը՝ անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին, ինչպես նաև Ռուսաստանի հարյուրավոր այլ քաղաքացիների, որոնք անօրինական կերպով ձերբակալվել են իրենց իրավունքների իրականացման համար։ Մենք կբարձրաձայնենք համընդհանուր արժեքների ապահովման օգտին, երբ Սինցզյանում տեղի են ունենում վայրագություններ կամ երբ Հոնկոնգում խաթարվում են հիմնարար ազատությունները»։

«Միացյալ Նահանգներն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությանը և խթանմանը», նշել է պետքարտուղար Բլինքենը։

«Մենք պատրաստակամ ենք համագործակցել այս կառույցի և ՀԿ համայնքի ընկերների և գործընկերների հետ բոլոր տարածաշրջաններից՝ երաշխավորելու, որ Խորհուրդն իրականացնի իր առաքելությունը և արդյունավետորեն նպաստի ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ապահովմանը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG