ԱՄՆ կառավարությունն այնուհետև այդ անձանց անունները ներառում է Հատուկ նշանակության քաղաքացիների ցուցակում՝ համաձայն թիվ 13224 գործադիր հրամանագրի փոփոխված տարբերակի։ Նրանց ակտիվները ԱՄՆ-ի սահմաններում սառեցված են։ ԱՄՆ-ի որևէ քաղաքացի կամ ընկերություն չի կարող բիզնես վարել այդ ցուցակում հայտնված անձանց հետ։ Դա Միացյալ Նահանգների՝ ահաբեկիչների և ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսական աջակցության ցանցերի խափանման գործիքներից մեկն է։
Սեպտեմբերի կեսերին Միացյալ Նահանգները բացահայտել է Թուրքիայում գործող՝ «Ալ-Քաիդայի» հինգ կողմնակիցների, որոնք նպաստում են ահաբեկչական խմբավորման վնասաբեր գործունեությանը՝ տրամադրելով նրանց ֆինանսական ծառայություններ և ուղևորությունների կազմակերպման հետ կապված օգնություն։
«Այս հասցեական պատժամիջոցներն ընդգծում են «Ալ-Քաիդային» ֆինանսական աջակցությունից զրկելուն ուղղված գործողություններ իրականացնելու ԱՄՆ-ի անդրդվելի հանձնառությունը», նշել է Ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման հարցերով վարչության տնօրեն Անդրեա Գաքկին։ «Մենք կշարունակենք աշխատել մեր արտերկրյա գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ՝ բացահայտելու և խափանելու «Ալ-Քաիդայի» ֆինանսական աջակցության ցանցերը»։
Ծագումով Եգիպտոսից թուրքաբնակ իրավաբան Մաջդի Սալիմը Թուրքիայում «Ալ-Քաիդայի» գործունեությանը նպաստող հիմնական գործիչներից մեկն է։ Ահաբեկչական խմբավորման համար այլ գործառույթներից բացի, նա նաև կատարում է ֆինանսական սուրհանդակի դեր Թուրքիայում գործող «Ալ-Քաիդայի» ցանցում։
Եգիպտոսի քաղաքացի և «Ալ-Քաիդայի» երկարամյա աջակից Մուհամադ Նասր ալ-Դին ալ-Ղազլանին Թուրքիայում բնակվող ֆինանսական սուրհանդակ է, որը կանխիկ փոխանցումներ է իրականացրել՝ ի շահ «Ալ-Քաիդա» խմբավորման։
Թուրքիայի քաղաքացի Նուրեթին Մուսլիհան Թուրքիայում աջակցել է «Ալ-Քաիդայի» ֆինանսական գործարքների կազմակերպմանը։ Նա կապ էր պահպանում «Ալ-Քաիդայի» բարձրաստիճան ղեկավարության հետ և աշխատում էր խմբավորման հետ առնչվող ծայրահեղականների հետ հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ։
Թուրքիայի մեկ այլ քաղաքացի Սեբրաիլ Գուզելը համագործակցում էր Նուրեթին Մուսլիհանի հետ՝ նյութապես աջակցելով «Ալ-Քաիդային» սատարելու նրա ջանքերին:
Ազգությամբ թուրք Սոներ Գուրլեյնը, որը նույնպես բնակվում է Թուրքիայում, «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող ծայրահեղական է և խմբավորման ֆինանսական աջակից։ Նա օգնել է «Ալ-Քաիդայի» մեկ այլ բռնի ծայրահեղականի՝ վերջինիս ճանապարհորդությունը կազմակերպելու հարցում։
«Միացյալ Նահանգները շարունակելու են սերտորեն համագործակցել մեր գործընկերների և դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի, հետ «Ալ-Քաիդայի» ֆինանսական աջակցության ցանցերի բացահայտման, մերկացման և խափանման հարցում», ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։ «Մենք ուշադիր հետևելու ենք այդ ցանցերին՝ ահաբեկչական գործողություններից եկամուտներ ստանալու համար նրանց կողմից միջազգային ֆինանսական համակարգի չարաշահումներ թույլ չտալու նպատակով։
«Միացյալ Նահանգները երբեք չի մոռանա 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների և աշխարհով մեկ «Ալ-Քաիդայի» այլ դավադրությունների զոհերին։ Մենք շարունակելու ենք թիրախավորել նրանց, ովքեր ձգտում են վնաս հասցնել Միացյալ Նահանգներին, մեր քաղաքացիներին և մեր շահերին», ասված է Բլինքենի հայտարարության մեջ։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։