։ Ռուսաստանի կառավարությունը մշակել է ապատեղեկատվության և քարոզչության էկոհամակարգ, որի շրջանակներում ստեղծվում և տարածվում են Կրեմլի նպատակները սատարող կեղծ օրակարգեր։ Աշխարհում ցանկացած իրադարձություն կամ քաղաքականություն կարող է վերածվել զենքի՝ ստի և կեղծիքի միջոցով։
Վերջին շրջանում դա հատկապես վերաբերում է Ուկրաինային։ Ապատեղեկատվություն տարածող հարձակումները հասան գագաթնակետին 2021 թվականի վերջին և 2022-ի սկզբին, երբ Ռուսաստանը պատրաստվում էր ներխուժել Ուկրաինա։ «Մենք [ականատես եղանք] զգալի ջանքերի՝ ուղղված Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների դեմ մղվող քարոզչությանը», ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Դա ներառում է սոցիալական ցանցերում չարամիտ գործողությունները, բաց և քողարկված առցանց միջանկյալ լրատվամիջոցների օգտագործումը, ապատեղեկատվության տարածումը հեռուստա- և ռադիոհաղորդումներում, համաժողովների կազմակերպումը, որոնք նախատեսված են մասնակիցներին մոլորեցնելու, որ ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է մեղավոր տարածաշրջանում լարվածության աճի համար, ինչպես նաև կիբեր գործողությունների կիրառման լծակը՝ լրատվամիջոցները «կոտրելու և ազատ արձակելու» գործողություններ իրականացնելու համար, այսինքն՝ հաքերային հարձակումներ, որոնց հետևում է անձնական տվյալների և հաղորդակցությունների արտահոսք»։
Ապատեղեկատվությանը, քարոզչությանը և փաստերի խեղաթյուրմանը հակազդելու միակ միջոցը ճշմարտությունն ասելն է՝ հերքել ապատեղեկատվության պնդումները նախքան դրանց արմատավորումը, իսկ արմատավորումից հետո շտկել թյուրընկալումները, և բացահայտել ապատեղեկատվության գործակալներին և միջանկյալ անձանց՝ նրանց կեղծ պնդումները վարկաբեկելու համար։
Սրանք այն քայլերն են, որոնց դիմել են Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները՝ հակազդելու Ուկրաինայի դեմ ռուսական քարոզչությանը։ «Մենք տեսանք Մոսկվայում բեմադրված քաղաքական թատրոն՝ տարօրինակ և անհիմն պնդումներ այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է ներխուժել և պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, որ Ուկրաինան պատրաստ է քիմիական զենք կիրառել, որ Ուկրաինան ցեղասպանություն է իրականացրել՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու», հայտարարել է նախագահ Ջո Բայդենը։ Մինչդեռ «Մենք թափանցիկ ենք եղել աշխարհի հետ»։
«Մենք ներկայացրել ենք գաղտնազերծված ապացույցներ Ռուսաստանի ծրագրերի, կիբեր հարձակումների և կեղծ պատրվակների մասին, որպեսզի չլինի շփոթություն կամ քողարկում Պուտինի կատարած գործողությունների շուրջ»։
Ռուսաստանի ծրագրերի մասին հետախուզական տվյալների գաղտնազերծումը և հրապարակումն աննախադեպ քայլ էր, որը մերկացրեց Ուկրաինայի դեմ կանխամտածված, չհրահրված և չարդարացված պատերազմի համար ապակողմնորոշիչ պատրվակ ստեղծելու Վլադիմիր Պուտինի փորձերը։
«Կա ճշմարտություն և կա սուտ։ Սուտ, որը մատուցվում է հանուն իշխանության և շահի», նշել է նախագահ Բայդենը։ «Եվ մեզանից յուրաքանչյուրն ունի պարտականություն և պատասխանատվություն՝… պաշտպանել ճշմարտությունը և հաղթել սուտը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։