Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ից նոր օգնություն Աֆղանստանին


Ապրիլի 14-ին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 11-ը Միացյալ Նահանգները դուրս կբերի իր զինված ուժերի վերջին զորքերը Աֆղանստանից։

Այդուհանդերձ, նախագահ Բայդենը պարզաբանել է, որ թեև Միացյալ Նահանգները կդադարեցնի իր ռազմական ներգրավվածությունը Աֆղանստանում, ամերիկյան օգնությունը կշարունակվի. «Մենք շարունակելու ենք աջակցել Աֆղանստանի կառավարությանը։ Մենք շարունակելու ենք օգնություն տրամադրել Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին», ասել է նա։

Հունիսի 4-ին պետքարտուղար Էնթընի Բլինքենը գրավոր հայտարարությամբ շեշտել է, որ այս պարտավորությունների շրջանակներում ԱՄՆ-ն կտրամադրի Աֆղանստանի ժողովրդին ավելի քան 266 միլիոն դոլարի նոր մարդասիրական օգնություն։

«Ամերիկյան ժողովրդի կողմից այս աջակցությունը կօգնի մեր միջազգային մարդասիրական գործընկերներին սատարել Աֆղանստանի 18 միլիոն կարիքավոր մարդկանց, այդ թվում՝ ավելի քան 4,8 միլիոն ներքին տեղահանված աֆղանստացիների», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Միայն այս տարի ավելի քան 115,000 մարդ տեղահանվել է Աֆղանստանի ներսում հակամարտության պատճառով, և մոտ կես միլիոնը վերադարձել է Աֆղանստան, որոնք օգնության կարիք ունեն»։

Միջոցները կուղղվեն ապաստան տրամադրելուն, աշխատանքի տեղավորման հնարավորություններին, առողջապահական խնդիրներին, սննդի, ջրի և սանիտարահիգիենիկ կարիքներին՝ Քովիդի համավարակին արձագանքման շրջանակներում։ «Այս օժանդակությունը կօգնի նաև բավարարել համավարակի և տասնամյակներ շարունակվող հակամարտության արդյունքում առավել խոցելի աֆղանացիների պաշտպանության կարիքները, հատկապես՝ կանանց և աղջիկների, որոնք բախվում են առանձնահատուկ վտանգների, այդ թվում՝ գենդերային բռնության», նշել է պետքարտուղար Բլինքենը։

«Տարիներ շարունակ Միացյալ Նահանգների առաջնահերթ ուշադրության կենտրոնում են եղել աֆղանացի հայրենադարձները, փախստականները և տեղահանվածները։ Քանի որ Միացյալ Նահանգները դուրս է բերում իր զինված ուժերը Աֆղանստանից, մեր մշտական նվիրվածությունը հստակ է։ Մենք շարունակում ենք ներգրավված մնալ դիվանագիտական, տնտեսական և աջակցության մեր լիարժեք գործիքակազմով՝ ի պաշտպանություն խաղաղ և կայուն ապագայի, որը ցանկանում է և որին արժանի է աֆղան ժողովուրդը։

«Մենք կոչ ենք անում Աֆղանստանի առաջնորդներին և Թալիբանին արագացնել առաջընթացը բանակցային քաղաքական կարգավորման և մշտական ու համապարփակ հրադադարի ուղղությամբ՝ վերջ դնելու ավելի քան քառասունամյա հակամարտությանը և ստեղծելու պայմաններ, որոնք թույլ կտան փախստականներին ապահով վերադառնալ իրենց տներ»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG