Accessibility links

Breaking News

Նախագահների օրը


Փետրվարի երրորդ երկուշաբթի օրը ամերիկացիները նշում են Նախագահների օրը՝ պատվելու իրենց նախկին առաջնորդներին։ Հիշատակի օրը, որով այժմ հարգում են բոլոր նախագահներին, ի սկզբանե նախատեսված էր ի պատիվ Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի։

Որպես Ամերիկայի անկախության պատերազմի ռազմական առաջնորդներից մեկը և երկրի առաջին գործադիր իշխանության ղեկավար՝ Ջորջ Վաշինգտոնը հսկայական ժողովրդականություն էր վայելում։ Նրան մինչ օրս էլ հաճախ անվանում են Միացյալ Նահանգների հիմնահայր։ Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ նա էր այն ռազմական առաջնորդը, որին վերագրվում է ժամանակի ամենահզոր բանակի նկատմամբ ամերիկյան գաղութների հաղթանակը։ Բացի այդ, նա կերտել է նախագահության ապագան՝ նախադեպ ստեղծելով շատերի համար, ովքեր զբաղեցնելու էին այդ պաշտոնն իրենից հետո։

Վաշինգտոնը վստահ էր, որ անհրաժեշտ է հաստատել

նախագահության այնպիսի ինստիտուտ, որը բավականաչափ հզոր կլիներ՝ արդյունավետորեն ղեկավարելու ազգային կառավարությունը, սակայն ոչ այնքան հզոր, որը նման կլիներ միապետության իշխանությանը։ Մտահոգվելով, որ նախագահի պաշտոնում իր մահվան դեպքում հասարակությունը կարող է որոշել, որ այդ պաշտոնը պետք է ցմահ լինի, Վաշինգտոնը երկու ժամկետից հետո հրաժարական տվեց։ Բացի չորս ժամկետ պաշտոնավարած Ֆրանկլին Դելանո Ռուզվելտից, մյուս բոլոր նախագահները հետևել են Վաշինգտոնի օրինակին՝ պաշտոնավարելով առավելագույնը երկու ժամկետ։ 1951 թվականին ԱՄՆ Կոնգրեսը վավերացրեց Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որով նախագահի պաշտոնավարումը սահմանափակվում է երկու ժամկետով։

Նախագահ Վաշինգտոնը զգալի հետք է թողել նախագահության ինստիտուտի կերտման գործում։ Նա սահմանել է չափանիշներ բոլոր ասպարեզներում, ներառյալ՝ քաղաքական իշխանությունը, ռազմական պրակտիկան և տնտեսական քաղաքականությունը։

Զարմանալի չէ, որ 1800 թվականից ի վեր՝ նրա մահվանից մեկ տարի անց, Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ը, ոչ պաշտոնապես նշվում էր ամբողջ երկրում՝ հարգելով նորաստեղծ

պետության հիմնադրման գործում նրա անհերքելի ավանդը։ Օրը պաշտոնապես դարձավ ազգային տոն 1885 թվականին։ Այնուհետև ամերիկացիները սկսեցին մեծարել նաև մեկ այլ ականավոր առաջնորդ՝ Աբրահամ Լինքոլնին, որը ծնվել է փետրվարի 12-ին։ Այդպես, փետրվարի երրորդ երկուշաբթի օրը, որն ընկնում է երկու նախագահների ծննդյան օրերի միջև, դարձավ բոլոր նախագահների հիշատակի դաշնային օր։

Նախագահների օրը հարգանքի տուրք է մատուցվում այն ղեկավարներին, որոնք արիություն և վճռականություն են դրսևորել՝ ստանձնելու այդ բարդագույն պաշտոնը և գլխավորելու Ամերիկայի Միացյալ Նահանգները թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում։

«Բոլորին հրապուրում է բարձր պաշտոնի արտաքին ցոլքը», գրել է Ջորջ Վաշինգտոնն ընկերոջն ուղղված նամակում։ «Ինձ համար դրանում չկա ոչինչ, բացի այն փայլից, որը կարող է ճառագել մարդկային երջանկության խթանմանն ուղղված ջանքերից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG