Accessibility links

Breaking News

Ռուսաստանում կրոնական ազատության վրա ճնշումը շարունակվում է


Aleksandr Ishvin. Courtesy of Jehovah's Witnesses.
Aleksandr Ishvin. Courtesy of Jehovah's Witnesses.

Ռուսաստանը շարունակում է ճնշում գործադրել կրոնական ազատության դեմ՝ հատկապես թիրախավորելով կրոնական փոքրամասնություն կազմող կրոնական աղանդները և կազմակերպությունները։ Իշխանությունների կողմից առանձնահատուկ հետապնդումների են ենթարկվում Եհովայի վկաները։

Վերջերս Ռուսաստանի դատարանը Եհովայի վկա Ալեքսանդր Իվշինին դատապարտեց յոթուկես տարվա ազատազրկման իր կրոնական դավանանքի համար։ Դա ամենախիստ պատիժն է 2017 թվականին Ռուսաստանի Գերագույն դատարանի կայացրած վճռից ի վեր, որով արգելվում և քրեականացվում են Եհովայի վկաների գործունեությունը՝ անվանելով կրոնական այդ խումբը «ծայրահեղական»։ Իվշինի այսպես կոչված ծայրահեղական վարքը ներառում էր Աստվածաշնչի ուսումնասիրության վերաբերյալ առցանց դասընթացների կազմակերպումը խմբի այլ անդամների հետ։

Փետրվարի 10-ին ոստիկանությունը խուզարկել է Մոսկվայում և մերձակա տարածքներում բնակվող Եհովայի վկաների 15 տներ և բերման ենթարկել մի քանի անդամների՝ հարցաքննության նպատակով։ Նրանցից երեքը մինչ օրս կալանքի տակ են։ Նույն օրը Կուրսկի մարզային դատարանը կրկին մերժել է Եհովայի վկաների դանիացի հետևորդի վաղաժամկետ ազատումը, որը կրում է վեց տարվա ազատազրկման պատիժ 2017 թվականից։

Սա վերջին տարիներին սրացող օրինաչափության մաս է։ Համաձայն ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի՝ Ռուսաստանի կառավարությունը 2019 թվականին «ծայրահեղականության դեմ պայքարի պատրվակով շարունակել է թիրախավորել «ոչ ավանդական» կրոնական փոքրամասնություններին՝ տուգանքների, կալանավորման և քրեական մեղադրանքների առաջադրման եղանակով։ Ռուսաստանի օրենսդրությամբ քրեականացվում է «ծայրահեղականությունը» առանց այդ եզրույթի համարժեք սահմանման՝ պետությանը ընձեռելով ոչ բռնի կրոնական գործունեության հետապնդման լայն տիրույթ»։

Ըստ մամուլի հաղորդագրությունների և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների՝ անցյալ տարի իրավիճակը վատթարացել է։ Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի ոստիկանությունը խուզարկում է իրականացրել 1,296 մասնավոր տներում և հարուցել է 197 քրեական գործ Եհովայի վկաների 435 հետևորդների դեմ։ 42 անդամներ այժմ բանտում են, իսկ 27-ը՝ տնային կալանքի տակ։ Բացի այդ, առգրավվել է Եկեղեցու գույքը։ Մոտավոր հաշվարկներով՝ 2017 թվականից ի վեր 5,000-ից 10,000 Եհովայի վկաներ լքել են երկիրը հետապնդումների արդյունքում։

«Միացյալ Նահանգները ամենախիստ կերպով դատապարտում է Ռուսաստանում շարունակվող ճնշումները Եհովայի վկաների և կրոնական այլ փոքրամասնությունների նկատմամբ», իր հայտարարության մեջ նշել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Միացյալ Նահանգները հաստատում է, որ մարդու իրավունքների տեսանկյունից բոլոր մարդիկ իրավունք ունեն հավատալու կամ չհավատալու իրենց համոզմունքների թելադրանքով»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG