Այդ նպատակով նրանք սկսել են ահաբեկման, հետապնդումների և բռնաճնշումների լայն արշավ քաղաքացիական հասարակության, լրագրողների, քննադատների և քաղաքական հակառակորդների դեմ։
Նրանք նախաձեռնել են անկախ լրատվամիջոցներին և առցանց քննադատությունը ճնշող խստագույն օրենքների սահմանում, արտասահմանից ֆինանսավորվող բիզնեսներից և կազմակերպություններից պահանջել են գրանցվել՝ որպես օտարերկրյա գործակալներ, ինչը թույլ է տալիս կառավարությանը վերահսկել նրանց ֆինանսական հոսքերը, ինչպես նաև անցկացրել են Նիկարագուայի սահմանադրության փոփոխություն, որով ցմահ ազատազրկում է սպառնում ոչ հստակ ձևակերպված՝ «կառավարության նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների» համար։
Օրտեգա-Մուրիլյո զույգի վերահսկողության ներքո գտնվող Բարձրագույն ընտրական խորհուրդը հիմնական ընդդիմադիր կուսակցությանը զրկել է առաջիկա ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ կասեցնելով դրա իրավական կարգավիճակը։ Ընդդիմադիր թեկնածուներին կալանավորել են, հետապնդման ենթարկել, զրկել առաջադրվելու իրավունքից, մեղադրել այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են փողերի լվացումը և «Նիկարագուայի հասարակության և ժողովրդի իրավունքների ոտնահարումը», կամ պարզապես ձերբակալել են՝ առանց որևէ բացատրության։
Նիկարագուայի ժողովրդավարության մնացորդների նկատմամբ Օրտեգայի և Մուրիլյոյի աղաղակող ոտնձգությունները հնարավոր են դարձել կառավարության գործադիր, օրենսդիր, դատական ճյուղերում և ընտրական գործառույթներ իրականացնողների շրջանակում իրենց աջակիցների շնորհիվ։
Օրտեգայի ոտնձգություններին սատարելու գործում իրենց դերակատարության համար ԱՄՆ Պետդեպարտամենտը համապատասխան քայլեր է ձեռնարկել՝ Նիկարագուայի ընտրական հանձնաժողովների և կուսակցական 19 անդամների նկատմամբ կիրառելով մուտքի արտոնագրերի սահմանափակումներ։
“For the past three months, President Daniel Ortega and his wife, Vice President Rosario Murillo, have intimidated anyone opposed to their efforts to entrench their power in Nicaragua, including through the arrest of dozens of political candidates, journalists, student and business leaders, NGO workers, and human rights advocates, and through the disqualification of any candidate seeking to run against them in the November 7 elections,” said State Department Spokesperson Ned Price in a written statement.
«Վերջին երեք ամիսների ընթացքում նախագահ Դանիել Օրտեգան և իր կինը՝ փոխնախագահ Ռոսարիո Մուրիլյոն, ահաբեկել են բոլոր նրանց, ովքեր դեմ են հանդես եկել Նիկարագուայում իրենց իշխանությունն ամրապնդելու սեփական ջանքերին, այդ թվում՝ տասնյակ քաղաքական թեկնածուների, լրագրողների, ուսանողների, գործարարների, հասարակական կազմակերպությունների աշխատակիցների և մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալությունների, ինչպես նաև նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններին իրենց դեմ պայքարել հավակնող ցանկացած թեկնածուի որակազրկման միջոցով», ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։
Այս գործողությունը հաջորդել է Նիկարագուայի 150 դատավորների, դատախազների և այդ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների համար մուտքի արտոնագրերի սահմանափակումների կիրառմանն ուղղված ավելի վաղ ձեռնարկված քայլին։ Մուտքի արտոնագրերի սահմանափակման քաղաքականությունը վերաբերում է այն նիկարագուացիներին, որոնք այս կամ այն կերպ մասնակցություն են ունեցել ժողովրդավարությունը խարխլելու կամ մարդու իրավունքները ոտնահարելու գործում, ինչպես օրինակ՝ խաղաղ ցույցերի ճնշումը։ Քաղաքականությունը կիրառվում է նաև այդ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների նկատմամբ։
«Այսօրվա գործողությամբ մենք ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ պատասխանատվության կանչելու բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ժողովրդավարության դեմ Օրտեգա-Մուրիլյոյի վարչակարգի ոտնձգություններին։ Միացյալ Նահանգներում նրանց չեն սպասում», նշել է մամուլի քարտուղար Փրայսը։