Accessibility links

Breaking News

Պատժամիջոցներ Ռուսաստանի «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ


2014 թվականի սկզբից ի վեր, երբ Ռուսաստանը ներխուժեց ուկրաինական Ղրիմ թերակղզի, իսկ այնուհետև ծավալեց հակաիշխանական գործունեություն արևելյան Ուկրաինայում, Ռուսաստանը հետևողականորեն մեծացրել է Ուկրաինան ապակայունացնելու և նրա ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու ջանքերը, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Այն [Ռուսաստանը] միջամտել է Ուկրաինայի քաղաքականությանը և ընտրություններին, արգելափակել է առևտուրը և էներգակիրների մատակարարումները՝ իշխանություններին ահաբեկելու և քաղաքացիների վրա ճնշում գործադրելու նպատակով, կիրառել է քարոզչություն և ապատեղեկատվություն՝ անվստահություն սերմանելու համար, իրականացրել է կիբերհարձակումներ երկրի կարևորագույն ենթակառուցվածքների վրա»։

Անցյալ տարվա մարտ ամսից Ռուսաստանը սկսեց ռազմական ուժերի և տեխնիկայի զանգվածային չհրահրված կուտակում Ուկրաինայի սահմանին, ինչի գագաթնակետը դարձավ Ռուսաստանի կողմից ուկրաինական երկու մարզերի՝ որպես անկախ պետություններ, միակողմանի ճանաչումը՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Այդ հայտարարությանն անմիջապես հետևեց ռազմական ներխուժումը Ուկրաինա։

Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի մեծացմանն ի պատասխան՝ ավելանում էին նաև ԱՄՆ-ի և նրա գործընկերների ու դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։

Էներգետիկ ոլորտը Ռուսաստանի արդյունաբերության ամենակարևոր ճյուղն է, որն ապահովում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին։ Ռուսական բնական գազի արտահանման շուրջ 70 տոկոսը բազմաթիվ խողովակաշարերով ուղղվում է Եվրոպա։

Փետրվարի 23-ին, անմիջապես այն բանից հետո, երբ Կրեմլը կոպտաբար խախտեց Ուկրաինայի ինքնիշխանությունը՝ ինքնիրավ կերպով հռչակելով Ուկրաինայի տարածքի մի մասը՝ որպես երկու անկախ պետություններ, Գերմանիան հայտարարեց դեպի Եվրոպա «Հյուսիսային հոսք 2» նորագույն գազատարի հավաստագրման դադարեցման մասին։

«Միացյալ Նահանգները ողջունում է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը դադարեցնելու նպատակով վարչական միջոցներ ձեռնարկելու Գերմանիայի որոշումը, ինչը թույլ չի տա շահագործման հանձնել գազատարը», ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։

Գերմանիայի և Եվրամիության իշխանությունների հետ խորհրդակցելուց հետո Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց գազատարը գործարկող «Nord Stream 2 AG» ընկերության և դրա գործադիր տնօրեն Մաթիաս Վառնիգի, ինչպես նաև ընկերության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

Դա նշանակում է, որ տվյալ անձանց և ընկերությունների բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների իրավասության ներքո կամ ԱՄՆ քաղաքացիների վերահսկողության տակ, սառեցվում են, իսկ ԱՄՆ բնակիչներին արգելվում է նրանց հետ որևէ գործարք կատարել:

«Միացյալ Նահանգներն անդրդվելիորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը», նշել է պետքարտուղար Բլինքենը։ «Մեր այսօրվա գործողությունները համահունչ են մեր դաշնակիցների և գործընկերների հետ սերտորեն համաձայնեցված մեր հանձնառությանը՝ Ռուսաստանի դեմ կիրառել շոշափելի բացասական հետևանքներ և մեծ ծախսեր ենթադրող միջոցներ՝ ի պատասխան Ուկրաինայում նրա անօրինական և չհրահրված գործողությունների»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG