Accessibility links

Breaking News

AM U.S. Assesses Members of Russia's Forces Are Committing War Crimes in Ukraine


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության սանձազերծած չհրահրված և չարդարացված պատերազմի առաջին իսկ օրերից Միացյալ Նահանգները նախազգուշացրել է, որ Ռուսաստանի զորքերը, հնարավոր է, օգտագործեն մարտավարություն, որը կարող է որակվել որպես ռազմական հանցագործություններ։

«Մենք տեսել ենք բազմաթիվ արժանահավատ հաղորդումներ առանց խտրականության հարձակումների և խաղաղ բնակչությանը միտումնավոր թիրախային հարվածների, ինչպես նաև այլ վայրագությունների մասին», հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ռուսական զորքերն ավերել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, կենսական կարևոր ենթակառուցվածքներ, քաղաքացիական փոխադրամիջոցներ, առևտրի կենտրոններ, շտապօգնության մեքենաներ՝ սպանելով կամ վիրավորելով հազարավոր անմեղ խաղաղ բնակիչների։ Ռուսական զորքերի հարձակումների ենթարկված վայրերից շատերը կարելի է հստակ բնորոշել որպես քաղաքացիական նշանակության օբյեկտներ»։

Ռուսական զինվորականների հարձակումներից տուժած քաղաքացիական հաստատությունների թվում են Մարիուպոլի ծննդատունը և թատրոնը, որն օգտագործվում էր որպես ապաստարան խաղաղ բնակիչների համար, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր եղան։ Թատրոնի շենքի առջևի և հետին ավտոկայանատեղիներում հսկայական սպիտակ տառերով հստակ նշված էր «երեխաներ» բառը, որը պարզորոշ տեսանելի էր երկնքից։

Քաղաքացիական թիրախների վրա այդպիսի սարսափելի հարձակումները նորություն չեն Վլադիմիր Պուտինի զավթիչ ուժերի համար, նշել է պետքարտուղար Բլինքենը։

«Պուտինյան զորքերը նույն մարտավարությունը կիրառել են Չեչնիայի Գրոզնիում և Սիրիայի Հալեպում, որտեղ նրանք կտրուկ ուժեղացրեցին քաղաքների ռմբակոծությունները՝ ժողովրդի կամքը կոտրելու նպատակով», ասել է պետքարտուղար Բլինքենը։

«Ուկրաինայում նույնը անելու նրանց փորձերը կրկին ցնցել են ամբողջ աշխարհը, և, ինչպես շատ դիպուկ նկատել է նախագահ Զելենսկին, «Ուկրաինայի ժողովրդին ողողել են արյան և արցունքների մեջ»։

«Մարտի 22-ի դրությամբ պաշարված Մարիուպոլի պաշտոնյաները հայտնել են, որ միայն այդ քաղաքում 2,400-ից ավելի խաղաղ բնակիչ է սպանվել՝ չհաշված Մարիուպոլի ավերածությունները», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես հաստատել է քաղաքացիական բնակչության շրջանում ավելի քան 2,500 զոհվածների և վիրավորների մասին՝ ընգծելով, որ իրական թվերը, հավանաբար, ավելի մեծ են»։

Այդ իսկ պատճառով պետքարտուղար Բլինքենը մարտի 23-ին հայտարարեց, որ առկա տեղեկատվության հիման վրա ԱՄՆ-ի կառավարությունը եզրակացրել է, որ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են իրականացնում Ուկրաինայում։

«Ինչպես ցանկացած ենթադրյալ հանցագործության դեպքում, քրեական մեղավորության աստիճանը յուրաքանչյուր կոնկրետ գործով որոշելու է տվյալ ընդդատության ներքո իրավասություն ունեցող դատարանը», ասել պետքարտուղար Բլինքենը։ «ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի հավաքագրել պատերազմական հանցագործությունների մասին հաղորդումներ և այդ տեղեկությունները կտրամադրի դաշնակիցներին, գործընկերներին և միջազգային հաստատություններին ու կազմակերպություններին», շեշտել է նա։

«Մենք կկիրառենք բոլոր հասանելի գործիքները, այդ թվում՝ քրեադատական հետապնդումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG