«Թալիբան» շարժումը լքած անդամների կողմից վեց տարի առաջ հիմնադրված կառույցը թալիբներին թշնամի է համարում։ Վերջին 6 տարիների ընթացքում ԻՊ-Խ-ն իրականացրել է մի շարք մահաբեր հարձակումներ, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, հատկապես՝ Աֆղանստանում։ Դրանց թվում՝ 2021 թվականի մայիսին Քաբուլի մզկիթի պայթյունը Կուրբան Բայրամ տոնի ժամանակ, որի հետևանքով զոհվեց առնվազն 12 հավատացյալ, և 2021 թվականի օգոստոսին Քաբուլի Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանի մոտ պայթյունը, որը խլեց ավելի քան 170 մարդու կյանք։ Նրանց զոհերի մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնցից շատերը՝ երեխաներ։ Նրանք հաճախ թիրախավորում են կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ շիա և սիքհ համայնքները։
Նոյեմբերի վերջին ԱՄՆ Պետքարտուղարությունը ԻՊ-Խ-ի երեք առաջնորդների, ինչպես նաև խմբավորման գլխավոր ֆինանսական աջակիցներից մեկին անվանել է Հատուկ նշանակության համաշխարհային ահաբեկիչներ՝ թիվ 13224 գործադիր հրամանի (փոփոխված) համաձայն:
Սանաուլլահ Ղաֆարին, որը նաև հայտնի է որպես Շահաբ ալ-Մուհաջիր, խմբավորման ներկայիս գլխավոր էմիրն է։ Նա նշանակվել է ԻՊ-ի գլխավոր մարմնի կողմից 2020 թվականի հունիսին՝ ԻՊ-Խ-ն ղեկավարելու համար։ Ղաֆարին պատասխանատու է Աֆղանստանի ամբողջ տարածքում ԻՊ-Խ-ի բոլոր գործողությունների հաստատման և դրանց իրականացման նպատակով ֆինանսավորում հայթայթելու համար։
Սուլթան Ազիզ Ազամը կամ Սուլթան Ազիզը Աֆղանստանում ԻՊ-Խ-ի ստեղծումից ի վեր եղել է խմբավորման խոսնակը։
Մաուլավի Ռաջաբը, որը նաև հայտնի է որպես Մաուլավի Ռաջաբ Սալահուդին, Աֆղանստանի Քաբուլ նահանգում ԻՊ-Խ կազմավորման բարձրաստիճան առաջնորդ է։ Նա ծրագրում է խմբավորման գործողությունները և ղեկավարում Քաբուլում հարձակումներ իրականացնող ԻՊ-Խ-ի խմբերը։
Իսմաթուլլահ Խալոզայը պատասխանատու է ԻՊ-Խ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նպաստել է խմբավորման միջազգային ֆինանսական գործարքների կազմակերպմանը և իրականացրել առաքելություններ ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարության համար։
«Միացյալ Նահանգները պարտավոր է օգտագործել հակաահաբեկչական իր ամբողջ գործիքակազմը՝ հակազդելու «Իսլամական պետություն-Խորասան» խմբավորումից կամ, ինչպես սովորաբար անվանում են, ԻՊ-Խ-ից բխող սպառնալիքին՝ ի թիվս մեր անողոք ջանքերի, որոնք ուղղված են ապահովելու, որ Աֆղանստանը կրկին չդառնա միջազգային ահաբեկչության հարթակ», ասված է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
«Մենք շարունակելու ենք օգտագործել ամերիկյան հզորության բոլոր լծակները՝ թիրախավորելու ահաբեկիչներին, որոնք ծրագրում են խաղաղ բնակիչներին անընտրողաբար սպանելու գործողություններ ամբողջ աշխարհում, ինչպես նաև նրանց, ովքեր սատարում և ֆինանսավորում են նրանց գործունեությունը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։