Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն և Մեծ յոթնյակը միասին կպայքարեն հարկադիր աշխատանքի, կիբեռսպառնալիքների և կոռուպցիայի դեմ


Global leaders pose for a group photo at the G-7 summit, in Carbis Bay, Britain.
Global leaders pose for a group photo at the G-7 summit, in Carbis Bay, Britain.

Նախագահ Ջո Բայդընը և Մեծ յոթնյակի մյուս երկրների առաջնորդները հայտարարել են գլոբալ մատակարարման շղթաներում հարկադիր աշխատանքի, կիբեռհարձակումների միջոցով շորթման սպառնալիքների և կոռուպցիայի դեմ պայքարի իրենց հանձնառության մասին։

Միացյալ Նահանգները և Մեծ յոթնյակի իր գործընկերները խորապես մտահոգված են համաշխարհային մատակարարման շղթաներում հարկադիր աշխատանքի բոլոր դրսևորումների հարցով, ներառյալ՝ պետության հովանավորչությամբ հարկադիր աշխատանքն այնպիսի խոցելի խմբերում, ինչպիսիք են ույղուրները և Չինաստանի Սինցզյան շրջանի այլ էթնիկական և կրոնական փոքրամասնությունները։ Սինցզյանում ամենախնդրահարույց ոլորտներն են գյուղատնտեսության, արեգակնային էներգիայի և հագուստի արտադրության մատակարարման շղթաները։ Առաջնորդները շեշտել են մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը և պարտավորվել են պաշտպանել անհատներին հարկադիր աշխատանքից։

Բացի այդ, Մեծ յոթնյակի երկրները հանձն են առել համատեղ պայքարել շորթման ծրագրեր օգտագործող հանցավոր ցանցերից բխող սպառնալիքների դեմ։ Տեղի են ունեցել լուրջ կիբեռհարձակումներ, որոնք ներգործել են Մեծ յոթնյակի մի շարք անդամ երկրների և այլ պետությունների կենսական կարևոր ենթակառուցվածքների, արտադրական և տեխնոլոգիական ձեռնարկությունների և հիվանդանոցների վրա։ Անդրազգային կիբեռհանցավոր կազմակերպությունները ենթակառուցվածքների, վիրտուալ արժույթի և փողերի լվացման ցանցերի միջոցով թիրախավորում են զոհերին ամբողջ աշխարհում։ Թե՛ կառավարությունները և թե՛ մասնավոր հատվածը պետք է միասին աշխատեն՝ ապահովելու կենսական կարևոր ենթակառուցվածքների կայունությունն այդ սպառնալիքի նկատմամբ։

Ավելին, չարամիտ կիբեռգործողությունները պետք է հետաքննվեն և ենթարկվեն քրեական պատասխանատվության, ինչպես նաև պետք է ստեղծվի կիբեռպաշտպանության հավաքական համակարգ։ Առանձին երկրներ պետք է նաև պայքարեն իրենց տարածքներից վարվող հանցավոր գործունեության դեմ։

Մեծ յոթնյակի անդամները պայմանավորվել են նաև ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի հավաքական գործողություններ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդընը վերջերս Ազգային անվտանգության հուշագիր է ստորագրել՝ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարը հռչակելով երկրի անվտանգության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը։ Կոռուպցիան խարխլում է հանրային վստահությունը, նվազեցնում է կառավարությունների արդյունավետությունը, վատնում է հանրային ռեսուրսները և քայքայում ժողովրդավարական հասարակությունների հիմքերը։ Բացի այդ, կոռուպցիան հսկայական վնաս է հասցնում տնտեսությանը և միանգամայն անարդար է քաղաքացիների նկատմամբ։

Մեծ յոթնյակի իր գործընկերների հետ միասին Միացյալ Նահանգները կպայքարի ստվերային ընկերությունների չարաշահման դեմ, կսահմանափակի անշարժ գույքի գնումներում կեղտոտ փողեր լվանալու նենգամիտների հնարավորությունները, կբարելավի կոռուպցիային առնչվող տեղեկատվության փոխանակումը և կբարեփոխի միջազգային աջակցության ծրագրերը՝ ուշադրությունը սևեռելով կոռուպցիայի դեմ պայքարին՝ որպես տարանցիկ առաջնահերթություն աջակցության բոլոր ոլորտներում։ ԱՄՆ-ն ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարում հավաքական գործողություններ ձեռնարկելու Մեծ յոթնյակի հանձնառությունը։

Ինչպես նշել է նախագահ Բայդընը. «Ամերիկան կրկին լծվում է աշխարհն առաջնորդելու գործին այն երկրների հետ մեկտեղ, որոնք կիսում են մեր հիմնարար արժեքները»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG