Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն կողմ է Քովիդի-19-ի դեմ պատվաստանյութերի կիրառման համար մտավոր սեփականությունից հրաժարմանը


Միացյալ Նահանգները հավանություն է տվել Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի համար մտավոր սեփականության պաշտպանությունից հրաժարման առաջարկին։

Բայդեն-Հարիս վարչակազմի քաղաքականության մասին մայիսի 5-ին հայտարարել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ դեսպան Քեթրին Թայը։ «Սա առողջապահական համաշխարհային ճգնաժամ է, և Քովիդ-19 համավարակի արտառոց հանգամանքները պահանջում են արտակարգ միջոցառումներ», գրել է նա հայտարարության մեջ։ «Վարչակազմը միանշանակ հավատարիմ է մտավոր սեփականությունը պաշտպանելու գաղափարին, սակայն այս համավարակին վերջ դնելու նկատառումներից ելնելով՝ կողմ է Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի պարագայում այդ պաշտպանությունից հրաժարմանը»։

Իր հայտարարության մեջ դեսպան Թայը նշել է, որ Միացյալ Նահանգները «Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում ակտիվորեն կբանակցի փաստաթղթի բովանդակության շուրջ... Այդ բանակցությունները ժամանակ կպահանջեն՝ հաշվի առնելով այդ հաստատության կոնսենսուսային բնույթը և քննարկվող հարցերի բարդությունը»։

Մի շարք զարգացող երկրներում Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը սահմանափակ է, և նրանք դժվարությամբ են վերահսկում իրենց բնակչության շրջանում վարակի բռնկումները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ անվանելով այն «դարակազմիկ» և «առողջապահական գլոբալ մարտահրավերները լուծելու ամերիկյան առաջնորդության հզոր օրինակ»։

Ինչպես նշել է դեսպան Թայը. «Վարչակազմի նպատակն է հնարավորինս արագ և մեծ քանակությամբ աշխարհին ապահովել առավել արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր։ Քանի որ ամերիկյան ժողովրդի համար մեր պատվաստանյութերի մատակարարումն արդեն երաշխավորված է, վարչակազմը կշարունակի ավելացնել իր ջանքերը և աշխատել մասնավոր հատվածի և բոլոր հնարավոր գործընկերների հետ՝ պատվաստանյութերի արտադրությունն ընդլայնելու և տարածելու, ինչպես նաև պատվաստանյութերի արտադրության համար անհրաժեշտ հումքի ավելացման ուղղությամբ»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG