«Սա բխում է մեր հաստատած ծրագրերից և ռազմավարական նպատակներից, որոնք ստացել են ամերիկյան ժողովրդի աջակցությունը, և դա չի ենթադրում ԱՄՆ-ի քաղաքականության կամ նպատակների փոփոխություն», ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միլերը։ «Սրանով մեր տուրքն ենք մատուցում իրենց կյանքը զոհաբերած մեր բազմաթիվ հայրենակիցներին և նրանց ժառանգությունը կրող զինակիցներին», հավելել է նա։
«Միասին մենք սգում ենք ամերիկացի ավելի քան 6,900 զինծառայողների կորուստը, որոնք զոհվել են Աֆղանստանում և Իրաքում։ Եվ երբեք չենք մոռանա պատերազմի վերքերը կրող ավելի քան 52,000 զինվորականներին և բոլոր նրանց, ովքեր դեռ կրում են դրա տեսանելի և անտեսանելի սպիները»։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միլերի հետ հեռախոսազրույցում
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին իր երախտագիտությունն է հայտնել Աֆղանստանում հանուն խաղաղության պայքարած յուրաքանչյուր ամերիկացի զինծառայողի։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Աֆղանստանում մահմեդական այս հանրապետության և Թալիբանի միջև խաղաղ բանակցություններին, որոնք պատերազմի ավարտի համար բանակցային քաղաքական կարգավորման հասնելու լավագույն հնարավորությունն են։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միլերը նշել է ամերիկացիներին պաշտպանելու և ամերիկացի գործընկերներին սատարելու Միացյալ Նահանգների մշտական պատրաստականության մասին.
«Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակում են հավատարիմ մնալ ամերիկացի ժողովրդի անվտանգության պահպանման և ամբողջ աշխարհում մեր համախոհ դաշնակիցներին և գործընկերներին սատարելու գործին։ Եթե ահաբեկչության, անկայունության, պառակտման և ատելության ուժերը նպատակաուղղված արշավ սկսեն մեր ջանքերի խափանման ուղղությամբ, մենք պատրաստ ենք կիրառել անհրաժեշտ կարողությունները՝ այդ նպատակների իրագործումը խոչընդոտելու համար։
Ամերիկյան զորքերը դուրս բերելով՝ «մենք վերջ կդնենք սերունդներ ձգվող այս պատերազմին», հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար
Միլերը։ «Մենք կպաշտպանենք մեր երեխաներին հավերժ պատերազմի ծանր բեռից և զոհերից: Մենք կհարգենք Աֆղանստանում, Իրաքում և ամբողջ աշխարհում հանուն խաղաղության և կայունության զոհվածների հիշատակը և կփառաբանենք բոլոր նրանց, ովքեր նպաստել են ազատության հաստատմանը»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։