Accessibility links

Breaking News

ԱՄՆ ՄԶԳ-ի Գլոբալ առաջնորդության և կրթության խթանման նախաձեռնության առաջին մրցույթի հաղթողները


Այսօրվա երիտասարդները շատ ավելին են, քան ապագայի առաջնորդները, ստեղծարարները և հետազոտողները։ «Երիտասարդները, ըստ էության, մեր ամենաուժեղ գործընկերներից են խաղաղության և առաջընթացի ապահովման գործում», ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանթա Փաուերը։

«Բոլոր հարցերում՝ բնակչության մարգինալացված շերտերի և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունից մինչև մաքուր էներգիայի և գյուղատնտեսության վարման կայուն եղանակների ներմուծում ու կիրառում, գրեթե բոլոր մայրցամաքներում հանուն ժողովրդավարության խաղաղ շարժումների խթանում, երիտասարդները ոչ թե սպասում են փոփոխությունների, այլ իրենք են փոփոխությունների շարժիչ ուժը»։

«Եվ հընթացս վավերագրում են իրենց գործողությունները», ասել է նա։

«Նրանք ոչ միայն փոփոխություններ են բերում, այլև ներկայացնում են ազդեցության և առաջընթացի մասին պատմություններ։ Նրանք բարձրաձայնում են խնդիրների հրատապության մասին, բարձրացնում են հանրային իրազեկումը ազդեցիկ պատկերների և համոզիչ ուղերձների միջոցով։ Եվ նրանց մոտ դա ավելի լավ է ստացվում, քան՝ իմ սերնդին և նրանցից առաջ եղած նախորդ սերունդներին է հաջողվել։ Նրանք ոգեշնչում են մյուսներին հետևել իրենց օրինակին»։

Անցյալ տարվա օգոստոսի 12-ին ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկել է Գլոբալ առաջնորդության և կրթության խթանման կամ «Global LEAD» նախաձեռնությունը՝ մեկ միլիոն երիտասարդների՝ որպես իրենց երկրների զարգացման գործընկերներ ներգրավելու նպատակով։ Կրթության, քաղաքացիական ներգրավվածության և առաջնորդության շուրջ նոր ծրագրերի ընդլայնումից բացի, այս նախաձեռնությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն երիտասարդներին հնարավորություն են ընձեռել պատմել աշխարհին իրենց նախագծերի ազդեցությունը #WatchOurImpact Global LEAD թվային պատմությունների մրցույթի միջոցով։ Երիտասարդները պետք է ներկայացնեին իրենց ստեղծած երեք րոպեանոց տեսանյութը կամ տեսաշարը տեղական, ազգային կամ գլոբալ զարգացման խթանմանն ուղղված և երիտասարդների առաջնորդությամբ իրականացված գործողությունների մասին։ Օգոստոսի 2-ին և 12-ին ընտրված հինգ հաղթողները մասնակցել են «Global LEAD» #WatchOurImpact երկխոսությանը։

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ս. Աբիդա Բիրավասիվիի փաստավավերագրական ֆիլմը Ֆիլիպիններից, Ինդոնեզիայից և Մալայզիայից մի խումբ երիտասարդների մասին, որոնք աշխատում են մեկանգամյա օգտագործման դիմակների թափոնների հետևանքով շրջակա միջավայրի վրա ահռելի ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։

«Ամենաոգեշնչող տեսահոլովակ» մրցանակը շնորհվել է ռուանդացի Ինեզա Ումուհոզա Գրեյսին, որի՝ «Ձայնի ուժը համայնքի վրա ներգործության համար» տեսաֆիլմը նվիրված էր կլիմայի փոփոխության դեմ պայքարող երիտասարդ գործիչներին։

«Ամենաազդեցիկ տեսանյութ» ճանաչված՝ «Ապահով տարածքների ստեղծում ուսուցման հնարավորություններ ընձեռելու համար» ֆիլմը պատկանում է Չայմա Ամրաուին Թունիսից։

Քենիացի Բեատրիս Նդիշա Մվանջալան հաղթել է «Լավագույն տեսաշար» անվանակարգում՝ «Դժբախտածին երաշտ» նյութի համար, որը պատմում է, թե ինչպես է իր չորային հայրենիքը ազդել իր ճակատագրի վրա։

Իսկ Պադիլի Ջեյմսի՝ Տանզանիայում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի մասինեռաչափ անիմացիոն տեսանյութերը ճանաչվել են որպես առավել գրավիչ տեսահոլովակ։

«Չնայած առաջիկայում սպասվող ահռելի մարտահրավերներին՝ ԱՄՆ ՄԶԳ-ն իր երիտասարդ գործընկերների մեջ տեսնում է պատրաստակամություն և կարողություն ոչ միայն ազդեցություն գործելու, այլև մյուսներին ոգեշնչելու քայլեր ձեռնարկել», նշել է Փաուերը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG