Accessibility links

Breaking News

Ի՞նչ դիրքորոշում կընդունի Չինաստանը Ուկրաինայի հարցում


Նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի միջև վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցում անդրադարձ է կատարվել Պուտինի չհրահրված ներխուժմանը Ուկրաինա։

Նախագահ Բայդենը ներկայացրել է Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ձեռնարկած ջանքերը՝ կանխելու Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը, իսկ այնուհետև արձագանքելու պատերազմին, այդ թվում՝ Ռուսաստանին պարտադրելով մեծ ծախսեր ենթադրող պատժամիջոցներ։ Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ նախագահ Բայդենը «բացատրել է հնարավոր հետևանքները, եթե Չինաստանը որոշի նյութական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին, քանի դեռ այն դաժան հարձակումներ է իրականացնում ուկրաինական քաղաքների և խաղաղ բնակչության դեմ»։

Վերջին շրջանում Չինաստանը և Ռուսաստանը մտերմացել են։ Փետրվարին նրանց առաջնորդները ստորագրել են համատեղ հայտարարություն, որով երկու երկրների հարաբերությունները հայտարարվել են որպես «համապարփակ» գործընկերություն։ Չինաստանը նախընտրել է չդատապարտել ռուսական ներխուժումն Ուկրաինա, անմեղ խաղաղ բնակիչների սպանությունն ու բռնի տեղահանումը և նրանց քաղաքների ավերումը։ Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ Չինաստանը կարող է դիտարկել Ռուսաստանին ռազմական տեխնիկա և տնտեսական աջակցություն տրամադրելու հարցը, ինչը թույլ կտա Ռուսաստանին մեղմել պատժամիջոցների ազդեցությունը, որոնք սահմանվել են աշխարհի տարբեր երկրների կողմից՝ ի պատասխան ռուսական ագրեսիայի։

Նախագահների հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ նախագահ Բայդենը գոհ է, որ կարողացել է նախագահ Սիին հստակ ներկայացնել Չինաստանին սպասվող հետևանքները, եթե նա աջակցի Պուտինի պատերազմական ջանքերին։ Փսակին նշել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հաղորդակցության ուղիները մնում են բաց։ Այժմ «նախագահ Սին պետք է որոշի իր հետագա անելիքը այս հարցում», ասել է նա։

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի պարտականությունն է հստակ արտահայտել իր դիրքորոշումը Ռուսաստանի՝ Ուկրաինա չհրահրված և չարդարացված ներխուժման առնչությամբ։ Հաշվի առնելով Ռուսաստանի հետ իր հատուկ հարաբերությունները՝ Չինաստանը «կարող է վերջ տալ այս բռնությանը, այս արյունահեղությանը, այս ավերածություններին և այս պատերազմին։ Բայց մենք դա դեռ չենք տեսել», ասել է Փրայսը։

Տարիներ շարունակ Չինաստանը շեշտել է ցանկացած պետության ինքնիշխանության կարևորությունը, նշել է Նեդ Փրայսը։ Երբ ինքնիշխանությունը հարձակման թիրախ է դառնում, «աշխարհի բոլոր երկրների համար հնարավորություն է բացվում ցույց տալու, թե իրենց պնդումներն իրականում ինչ են նշանակում… Եթե Չինաստանը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ իրոք նկատի ունի այն, ինչ ասում է, որ իսկապես առաջնորդվում է այն սկզբունքներով, որոնց հավատարիմ լինելու մասին հայտարարում է երկար տարիներ և տասնամյակներ, այժմ նրա համար հնարավորություն է ստեղծվել խոսքը վերածել գործի»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG