Վերջերս արված հայտարարության մեջ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին «անհապաղ» ազատ արձակել Ռուֆաթ Սաֆարովին, Սևինջ Վագիֆգըզին, Ազեր Գասըմլըին, Ֆարիդ Մեհրալիզադեին, Բախտիյար Հաջիևին, Գուբադ Իբադօղլուին, ինչպես նաև Meydan TV անկախ լրատվամիջոցի վերջերս կալանավորված աշխատակիցներին ու շատ այլ անձանց, որոնք ձերբակալվել են մարդու իրավունքների ոլորտում իրենց գործունեության համար։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ոչ միայն այդ ձերբակալություններով, այլև Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ աճող բռնաճնշումներով»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։
Ադրբեջանում սաստկացող բռնաճնշումների փաստը անհանգստացնող է։ Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ Պետքարտուղարության վերջին զեկույցում, որը վերաբերում է 2023 թվականին, նշվում է, որ «ՀԿ-ների կոալիցիայի գնահատականներով՝ [2023 թվականի] դեկտեմբերի 1-ի դրությամբ երկրում եղել է 254 քաղբանտարկյալ և ձերբակալված։ Քաղբանտարկյալների և ձերբակալվածների թվում էին մեկ գիտնական և կոռուպցիայի դեմ պայքարող, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ և բլոգերներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ, հավատացյալներ և ակտիվիստներ»։
Պետքարտուղար Բլինքենի հիշատակած ձերբակալվածներից երկուսն այս դեկտեմբերին ընտրվել են ԱՄՆ Պետքարտուղարության կողմից՝ որպես մրցանակակիրներ՝ մարդու իրավունքների ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում ունեցած ներդրման համար։
Ռուֆաթ Սաֆարովը Defense Line կազմակերպության համահիմնադիրն է, որը արձանագրում է քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները, հետապնդումները, ինչպես նաև ադրբեջանական կառավարությունում առկա կոռուպցիան։ Ընդամենը օրեր առաջ, երբ նա պետք է մեկներ Միացյալ Նահանգներ՝ ստանալու ԱՄՆ պետքարտուղարի «Մարդու իրավունքների պաշտպան» մրցանակը, Ռուֆաթ Սաֆարովը ձերբակալվել է և այժմ գտնվում է նախնական կալանքի տակ։
Սևինջ Վագիֆգըզին Abzas Media անկախ հակակոռուպցիոն լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է, որը լուսաբանում է պետական պաշտոնյաների հետ կապված գործերը։
Ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, «նրա աշխատանքը հարուցել է իշխանությունների զայրույթը»։ Տիկին Վագիֆգըզին նախնական կալանքի տակ է գտնվում 2023 թվականի նոյեմբերից։ Դեկտեմբերի 9-ին նա հեռակա կարգով արժանացել է Կոռուպցիայի դեմ պայքարի ԱՄՆ պետքարտուղարի՝ 2024 թվականի մրցանակին։
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացիորեն ձերբակալվածներին, դադարեցնել բռնաճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ, հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և կատարել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն անդամակցելիս ստանձնած պարտավորությունները»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։