Accessibility links

Breaking News

Նախագահ Բայդընը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման մասին


Միացյալ Նահանգները կսկսի Աֆղանստանից իր զորքերի վերջնական դուրսբերումը մինչև մայիսի 1-ը և կավարտի այն մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը, հայտարարել է նախագահ Ջո Բայդընը Սպիտակ տան ուղերձում։

Գրեթե 20 տարի առաջ ամերիկյան զորքերը մեկնեցին Աֆղանստան՝ «Ալ-Քաիդան» արմատախիլ անելու և Աֆղանստանի տարածքում ծրագրվող ապագա ահաբեկչական հարձակումները կանխելու համար։ «Մեր նպատակը հստակ էր, պատճառը՝ ծանրակշիռ», ասել է նախագահ Բայդընը։ Սակայն այժմ «ժամանակն է, որպեսզի ամերիկյան զորքերը վերադառնան տուն»։

Նախագահ Բայդընի խոսքերով՝ տարիների ընթացքում ահաբեկչական սպառնալիքի բնույթը փոխվել է, ինչպեսև դրա դեմ պայքարի ԱՄՆ-ի մոտեցումը։

«Սպառնալիքը դարձել է ավելի տարակենտրոն՝ մետաստազներ տալով ամբողջ աշխարհում. «Ալ-Շաբաբը» Սոմալիում, «Ալ Քաիդան» Արաբական թերակղզում, «Ալ-Նուսրան» Սիրիայում, ԴԱԵՇ-ը փորձում է խալիֆայություն ստեղծել Սիրիայում և Իրաքում, ենթաճյուղեր է հիմնում Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում», նշել է նա։

Ահա թե ինչու ԱՄՆ-ն ադապտացնում է իր հակաահաբեկչական ռազմավարությունը, բացատրել է նախագահ Բայդընը.

«Մենք վերակազմակերպում ենք մեր հակաահաբեկչական հնարավորությունները և նշանակալի ռեսուրսները տարածաշրջանում, որպեսզի կանխենք ահաբեկիչների վերածնունդը։ Մենք կապահովենք, որ Թալիբանը կատարի իր պարտավորությունը՝ թույլ չտալու որևէ ահաբեկչի ստեղծել սպառնալիք ԱՄՆ-ի կամ աֆղանական հողից նրա դաշնակիցների համար։ Այս պարտավորությունը մեզ վրա է դրել նաև Աֆղանստանի կառավարությունը։ Եվ մենք մեր ամբողջ ուշադրությունը սևեռելու ենք այն սպառնալիքի վրա, որին բախվում ենք այսօր»։

Նախագահ Բայդընը հայտնել է իր «հարգանքը և աջակցությունը Աֆղանստանում ծառայած ամերիկյան զինված ուժերին իրենց արիության, խիզախության և ազնվության համար»։ Նա նաև նշել է դաշնակիցների և գործընկերների ավանդի և զոհերի մասին, «որոնք գրեթե 20 տարի Աֆղանստանում ուսի ուսի կանգնած են եղել ԱՄՆ-ի կողքին»։

Թեև ԱՄՆ-ն չի շարունակի ռազմական միջամտությունը Աֆղանստանում, նախագահը հասկացրել է, որ իրենց օգնությունը չի դադարի. «Մենք շարունակելու ենք սատարել Աֆղանստանի կառավարությանը։ Մենք շարունակելու ենք օգնություն տրամադրել Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին»։

Միացյալ Նահանգները տարածաշրջանի մյուս երկրներին նույնպես կոչ է անում աջակցել Աֆղանստանին, մասնավորապես խոսքը Պակիստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի մասին է, որոնք, ինչպես նշել է նախագահ Բայդընը, «բոլորն էլ շահագրգռված են Աֆղանստանի կայուն ապագայով»։

«Աֆղանստանում պատերազմը երբեք մտադրված չի եղել որպես գործողություն, որը կձգվի մի քանի սերունդ», ասել է նախագահ Բայդընը։ «Մեզ վրա հարձակվել են։ Մենք գնացել ենք պատերազմի հստակ նպատակներով։ Մենք հասել ենք այդ նպատակներին։ Բեն Լադենը սպանվել է, իսկ «Ալ-Քաիդան» Աֆղանստանում անկում է ապրել»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG