Accessibility links

Breaking News

Բլինքենը և Օսթինը Ուկրաինայում հանդիպել են Զելենսկիի հետ


Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նախագահ Ջո Բայդենի խնդրանքով վերջերս Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Պետքարտուղար Բլինքենը և նախարար Օսթինը իրենց «վճռական աջակցությունն» են հայտնել Ուկրաինայի կառավարությանը և ուկրաինացի ժողովրդին։ Պետքարտուղար Բլինքենը այս հանդիպումն անվանել է «կարևոր պահ՝ անվտանգության, տնտեսական, մարդասիրական ոլորտներում մեր կողմից տրամադրվող արտակարգ աջակցության, ինչպես նաև Ռուսաստանի վրա մեր կողմից գործադրվող զանգվածային ճնշման մասին առերես հանգամանալից քննարկումների համար, ինչպես նաև մանրամասն քննարկելու, թե ինչպես ենք շարունակելու այդ աշխատանքը բոլոր ճակատներում»։

Ուկրաինայի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության մի մասը ներառում է ամերիկացի դիվանագետների, այդ թվում՝ Ուկրաինայում ԱՄՆ նոր դեսպանի շուտափույթ վերադարձը երկիր։

Ուկրաինան զգալի հաջողություններ է գրանցել ռուսական ագրեսիայի դեմ պատերազմում։ Միևնույն ժամանակ «մենք ականատես ենք Ռուսաստանի շարունակական փորձերին մահ և ավերածություններ սփռել Ուկրաինայի որոշ շրջաններում», ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Սակայն ուկրաինացիներն ամուր կանգնած են ու դիմադրում են, և դա անում են այն աջակցությամբ, որը մենք համակարգում ենք բառացիորեն ամբողջ աշխարհով»։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի ռազմական նպատակներին, Ռուսաստանը ձախողում է, իսկ Ուկրաինան հասնում է հաջողության», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

«Ռուսաստանի հիմնական նպատակն էր ամբողջությամբ իրեն ենթարկել Ուկրաինային՝ զրկելով ինքնիշխանությունից և անկախությունից։ Դա նրան չի հաջողվել։ Նա ձգտում էր հաստատել իր զինված ուժերի և տնտեսության հզորությունը։ Մենք, իհարկե, տեսնում ենք տրամագծորեն հակառակ պատկերը. զինված ուժեր, որոնց մարտունակությունը կտրուկ նվազել է, տնտեսություն, որը պատժամիջոցների, Ռուսաստանից զանգվածային արտագաղթի արդյունքում փլուզված է։ Չնայած [Ռուսաստանի կառավարությունը] ցանկանում է պառակտել Արևմուտքը և ՆԱՏՕ-ն, անշուշտ, մենք ճիշտ հակառակն ենք տեսնում»։

«Հարցի էությունը հետևյալն է», նշել է պետքարտուղար Բլինքենը. «Մենք չգիտենք, թե ինչպիսի զարգացումներ կունենա այս պատերազմը, բայց հստակ գիտենք, որ ինքնիշխան, անկախ Ուկրաինան շատ ավելի երկար կլինի, քան [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինը իշխանության ղեկին։ Եվ մեր աջակցությունն Ուկրաինային հետագայում կշարունակվի։ Այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև հասնենք վերջնական հաջողության»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG