Accessibility links

Breaking News

Բլինքենի ելույթը Բեռլինում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը


Վերջերս Բեռլինում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է, որ դաշինքը շարունակում է «հավատարիմ մնալ ժողովրդավարական, անկախ և ինքնիշխան Ուկրաինային աջակցմանը»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սանձազերծել է այս պատերազմը՝ ենթադրելով, որ կարող է վերացնել Ուկրաինան որպես անկախ երկիր և պառակտել ՆԱՏՕ-ն։ «Դրա փոխարեն նա միայն ամրապնդել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, քանի որ Ուկրաինան դուրս է մղել ռուսական բանակը Կիևից», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

«Դաշինքի յուրաքանչյուր անդամ ցանկանում է, որպեսզի այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի», ասել է պետքարտուղար Բլինքենը, «սակայն մենք նույնքան վճռական ենք շարունակելու օգնություն ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում, շարունակելու մեր պատժամիջոցները, արտահանման վերահսկողությունը և դիվանագիտական ճնշումը Ռուսաստանի վրա այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է»։
«Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցներն ու գործընկերները հետամուտ են աջակցելու Ուկրաինային հնարավորինս ամրապնդել իր դիրքերը մարտի դաշտում և բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի նա կարողանա հետ մղել ռուսական ագրեսիան և լիովին պաշտպանել իր անկախությունն ու ինքնիշխանությունը»։

Միացյալ Նահանգները, նրա դաշնակիցները և գործընկերները «ձևավորել են ուժեղ անդրատլանտյան արձագանք»՝ Ուկրաինան լքած ավելի քան 6 միլիոն փախստականներին օգնություն ցուցաբերելու համար, նշել է պետքարտուղար Բլինքենը.

«Միացյալ Նահանգները միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել Ուկրաինայի քաղաքացիներին ընդունող երկրներին՝ օգնելու տրամադրել անհրաժեշտ աջակցություն և ծառայություններ։ Մեր երկրները նաև համախմբում են ջանքերը՝ լուծելու Ռուսաստանի ագրեսիայի որոշ ավելի համընդհանուր հետևանքները, ինչպիսիք են պարենի համաշխարհային սղությունը և սննդամթերքի գների աճը, որի ականատեսն ենք այժմ»։

«Աջակցելով Ուկրաինային՝ մենք նաև պաշտպանում ենք ինքնիշխանության և անկախության սկզբունքները, որոնք գլոբալ խաղաղության և անվտանգության հիմքն են։ Ամերիկացի դիվանագետները Լեհաստանում մի քանի շաբաթ աշխատելուց հետո վերադարձել են Ուկրաինա»,- ասել է պետքարտուղար Բլինքենը։ «Մենք կրկին բացում ենք մեր դեսպանատունը Կիևում. . .և շատ շուտով կվերսկսենք աշխատանքը»։

Պետքարտուղար Բլինքենը նաև վերահաստատել է ՆԱՏՕ-ի «Բաց դռների» քաղաքականությունը և բոլոր երկրների իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իրենց ապագան, քաղաքականությունը և անվտանգության երաշխիքները։ Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգները վճռականորեն սատարում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմումները։

Միացյալ Նահանգները ողջունում է ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը, որը դաշինքը կհրապարակի հունիսին Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին։ Այն կներկայացնի անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը և կուրվագծի անդրատլանտյան անվտանգության պահպանման և ամրապնդման միջոցները՝ ի պատասխան նախագահ Պուտինի ագրեսիայի, ինչպես նաև հաջորդ տասնամյակի ընթացքում այլ սպառնալիքների և մարտահրավերների։


Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG