2015 թվականի փետրվարի 27-ին Ռուսաստանի ընդդիմության առաջնորդը և նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ քննադատին սպանեցին մեջքին հասցված մի քանի կրակոցով, երբ իր ուկրաինացի ընկերուհու հետ անցնում էր Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջով։
Հետաքննության արդյունքում հինգ չեչեն տղամարդիկ դատապարտվեցին պատվիրված սպանություն կատարելու մեղադրանքով, սակայն սպանության պատվիրատուի ինքնությունը չպարզվեց, և մինչև օրս էլ անհայտ է։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Եվրոպայի խորհուրդը կոչ են արել Ռուսաստանի իշխանություններին նախաձեռնել նոր և թափանցիկ հետաքննություն, սակայն այդ խնդրանքը մերժվել է։
Պարոն Նեմցովը բարեփոխիչ էր և պայքարում էր կոռուպցիայի դեմ։ Նա իր երկրին ծառայել է բազմաթիվ դերերում՝ աշխատում էր դաշնային կառավարությունում, խորհրդարանում, Նիժնի Նովգորոդի նահանգապետն էր և այնպիսի քաղաքական առաջնորդ էր, որը ձգտում էր օգնել ռուս ժողովրդին ավելի մեծ ազդեցություն ունենալ երկրի կառավարման գործում։ Նա խստորեն քննադատում էր 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ ցույցի կազմակերպիչներից մեկն էր։ Ցույցը պետք է տեղի ունենար Մոսկվայում մարտի 1-ին՝ նրա սպանությունից երկու օր անց։
Նրա մահվան տարելիցին Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն իր հայտարարության մեջ նշել է, որ «նախքան 2015 թվականին Նեմցովի սպանությունը նրա վերջին նախագծերի թվում էր Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտությունը բացահայտող զեկույցը, ինչը նախագահ Վլադիմիր Պուտինը հերքում էր»։ Փրայսը ասել է, որ թեև նրա մահից հետո ոստիկանությունը խուզարկել է Նեմցովի բնակարանը և առգրավել նրա գրած հոդվածները, «նրանց չի հաջողվել ջնջել նրա ժառանգությունը»։
Բորիս Նեմցովի ժառանգությունը և ոգին ակներև են, ասել է Փրայսը, «դա կարելի է տեսնել Ռուսաստանի խիզախ քաղաքացիների մեջ, որոնք հրապարակավ դատապարտել են Կրեմլի շարունակվող ներխուժումը Ուկրաինա, ներառյալ՝ հարյուրավոր լրագրողների և քաղաքային իշխանությունների ղեկավարների ստորագրած խնդրագրերը, որոնք դատապարտում են ներխուժումը, և հազարավոր խաղաղ հակապատերազմական ցուցարարների մեջ, որոնք վերջին օրերին ձերբակալվել են ռուսական իշխանությունների կողմից։ Եթե Կրեմլը փորձում է ապատեղեկատվություն տարածել և ճնշել այլախոհությունը, ապա մենք խորապես հարգում ենք ռուսաստանցիներին, որոնք հետևում են Բորիս Նեմցովի օրինակին և համարձակորեն պաշտպանում են ճշմարտությունը», շեշտել է Նեդ Փրայսը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։