Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար ամենամեծ վտանգն այժմ Չինաստանն է ներկայացնում


Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը ներկայացնում է Չինաստանի կողմից ԱՄՆ-ի տնտեսական և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը։

Չինաստանը «ամենամեծ երկարաժամկետ սպառնալիքն» է Միացյալ Նահանգների տնտեսական կենսունակության և ազգային անվտանգության համար։ Այս մասին Հադսոն հաստատությունում իր ելույթի ժամանակ նշել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը։

Նրա խոսքերով՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը լծվել է բազմաշերտ սերնդային արշավի գործին՝ նվաճելու աշխարհի տնտեսական և տեխնոլոգիական առաջնորդի դերը։

«Սակայն այդ պայքարը Չինաստանը մղում է ոչ թե լեգիտիմ նորարարությունների, արդար և օրինական մրցակցության, և իր քաղաքացիներին մտքի, խոսքի ու ստեղծագործ ազատություն տալու միջոցով, ինչը մենք խիստ արժևորում ենք Միացյալ Նահանգներում, այլ մի ամբողջ պետության ջանքերն ուղղել է ցանկացած գնով դառնալու աշխարհի միակ գերտերությունը»։

Չինաստանը դիմում է տնտեսական լրտեսության, տվյալների հափշտակության, մտավոր սեփականության գողության, կաշառակերության, շանտաժի և այլ անթույլատրելի միջոցների՝ «մեր կառավարության քաղաքականությունը խարխլելու, մեր երկրի հասարակական դիսկուրսն աղավաղելու և մեր ժողովրդավարական գործընթացների և արժեքների նկատմամբ վստահությունը խաթարելու համար», նշել է նա։

ՀԴԲ-ի տնօրենը շեշտել է, որ այդ չարորակ և կործանարար գործողությունները Չինաստանի Կոմունիստական կուսակցության ձեռքի գործն են.

«Խոսքը չինացի ժողովրդի, և, իհարկե, չինացի-ամերիկացիների մասին չէ։ Սերնդեսերունդ մարդիկ Չինաստանից եկել են Միացյալ Նահանգներ՝ իրենց ազատությունը գտնելու այստեղ, և մեր հասարակությունը միայն շահում է դրանից»։

Մինչդեռ Չինաստանի կառավարությունը և Կոմունիստական կուսակցությունը կոպտորեն խախտել են կայացած նորմերը և օրենքի գերակայությունը։ Տնօրեն Ռեյը նշել է այսպես կոչված «հակակոռուպցիոն ծրագրի մասին, որը ստեղծվել է գլխավոր քարտուղար Սի Ծինպինի կողմից և կոչվում է «Աղվեսաորս»։ Ըստ Ռեյի՝ «Աղվեսաորսը» իրականում Չինաստանից դուրս բնակվող չինացիներին թիրախավորող արշավ է։ «Խոսքը քաղաքական մրցակիցների, այլախոհների և քննադատների մասին է, որոնք ցանկանում են բարձրաձայնել Չինաստանի մարդու իրավունքների լայնածավալ խախտումների մասին»։ Մի դեպքում, օրինակ, Չինաստանը սպառնացել է տվյալ անձին կամ վերադառնալ Չինաստան կամ ինքնասպան լինել՝ ձերբակալելով Չինաստանում գտնվող նրա ընտանիքի անդամներին։

ՀԴԲ-ի տնօրենը հայտարարել է, որ պետական մակարդակով Չինաստանի այդպիսի մոտեցումը պահանջում է համարժեք պատասխան։ «Այս սպառնալիքին արդյունավետ կերպով դիմակայելը չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք Չինաստանի հետ գործարար հարաբերություններից», ասել է նա։ «Դա նշանակում է, որ եթե Չինաստանը խախտում է մեր քրեական օրենքները և միջազգային նորմերը, մենք չենք պատրաստվում հանդուրժել դա։ ՀԴԲ-ն և ԱՄՆ-ի կառավարության մեր գործընկերները պատասխանատվության կկանչեն Չինաստանին և ամերիկացի ժողովրդի համագործակցության և զգոնության շնորհիվ կպաշտպանեն մեր երկրի նորարարությունները, գաղափարները և կենսակերպը»։

XS
SM
MD
LG