Accessibility links

Breaking News

Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին վկայությունների փաստագրում և վերլուծություն


International Criminal Court to discuss investigations into alleged war crimes amid Russia's invasion of Ukraine, in The Hague, Netherlands May 31, 2022.
International Criminal Court to discuss investigations into alleged war crimes amid Russia's invasion of Ukraine, in The Hague, Netherlands May 31, 2022.

Նույնիսկ պատերազմները և զինված հակամարտությունները ենթակա են միջազգային իրավունքով սահմանված կանոնների։ Դրանցից գլխավորը պատերազմական հանցագործություններ կատարելու արգելքներն են։

Առաջին հերթին, պատերազմող կողմերին արգելվում է միտումնավոր թիրախավորել քաղաքացիական անձանց, քաղաքացիական օբյեկտները, ինչպիսիք են հիվանդանոցները և բնակելի շենքերը, ինչպես նաև նրանց գոյատևման համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, ինչպիսիք են սննդի պահպանման և մատակարարման համակարգերը։ Արգելված է նաև զենքի ոչ թիրախային կիրառումը։

Այդուհանդերձ, Ուկրաինայում պատերազմի օրենքների խախտումների մասին հաղորդումներ են արձանագրվել դեռևս 2014 թվականին Ռուսաստանի կողմից ուկրաինական Ղրիմի թերակղզու բռնակցման փորձի ժամանակ։

Ըստ Միացյալ Նահանգների կառավարության մարտի վերջին ներկայացրած գնահատման՝ ռուսական զորքերը ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում։ ԱՄՆ կառավարությունը նշել է, որ կշարունակի հետևել պատերազմական հանցագործությունների մասին հաղորդումներին և այդ տեղեկությունները տրամադրել դաշնակիցներին, գործընկերներին և միջազգային հաստատություններին ու կազմակերպություններին։

Մայիսի կեսերին ԱՄՆ կառավարությունը հայտարարել է վերջերս մեկնարկած «Հակամարտության ուսումնասիրում» ծրագրի ֆինանսավորման մասին։ Ծրագիրն օգտագործելու է արբանյակային պատկերներ և տեխնիկական այլ միջոցներ՝ Ուկրաինայի դեմ նախագահ Պուտինի սանձազերծած դաժան պատերազմում ռուսական ուժերի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների և այլ վայրագությունների մասին տեղեկություններ հավաքելու համար։

«Ծրագիրը հավաքելու, վերլուծելու և հրապարակելու է բաց աղբյուրներից տեղեկություններ և ապացույցներ վայրագությունների, մարդու իրավունքների ոտնահարման և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ուկրաինայի մշակութային ժառանգությանը հասցված վնասի մասին», ասել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Հակամարտության ուսումնասիրում» ծրագրի շրջանակներում հավաքագրված տեղեկատվության օգնությամբ աշխարհի ի ցույց կդրվի ռուսական ուժերի ողբալի և դաժան գործողությունները ուկրաինացի ժողովրդի նկատմամբ։ Այն կբացահայտի վայրագությունները և կոչված է նպաստելու Ուկրաինայի ազգային դատարաններում, երրորդ երկրների դատարաններում, ԱՄՆ դատարաններում և այլ համապատասխան տրիբունալներում հնարավոր դատական գործերին։ Այն կտրամադրի Ռուսաստանի ապատեղեկատվական արշավները հերքող տվյալներ, և կընդլայնի մեր ու մեր գործընկերների կողմից կիրառվող հաշվետվողականության մեխանիզմների շրջանակը»։

ԱՄՆ կառավարությունը նախատեսում է ֆինանսավորում հատկացնել հարթակի համար մասամբ վերջերս նախագահի կողմից հայտարարված 320 միլիոն դոլար արժողությամբ Եվրոպական ժողովրդավարական կայունության նախաձեռնության միջոցներից։

Իրապես, «Հակամարտության ուսումնասիրում» ծրագիրը ԱՄՆ կառավարության մի շարք նախաձեռնություններից մեկն է, որոնք կաջակցեն Ռուսաստանի իրականացրած սարսափելի գործողությունների համար ապագայում պատասխանատվության սահմանելու գործին։

«Որքան ժամանակ էլ պահանջվի, մենք հետամուտ կլինենք, որ արդարությունը հաղթի», նշել է խոսնակ Փրայսը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG