Accessibility links

Breaking News

Կոլումբոսի օրը


Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին Միացյալ Նահանգներում շատերը նշում են եվրոպացիների կողմից՝ Ամերիկա տանող ծովային ճանապարհի հայտնագործման օրը և հիշատակում Քրիստափոր Կոլումբոսին։

։ Ինչպես հայտնի է, վերջինիս ղեկավարությամբ 1492 թվականի հոկտեմբերի 12-ին երեք նավեր խարիսխ նետեցին ներկայիս Բահամյան կղզիների մոտ։ Այդ հողերը հայտարարվեցին Իսպանիայի մաս։

Կոլումբոսի ճանապարհորդության նպատակն էր գտնել ավելի կարճ և անվտանգ ուղի դեպի Հեռավոր Արևելք՝ խուսափելու Աֆրիկայի եզերքով երկար նավարկումից։ Նման կարճ ճանապարհը հսկայական տնտեսական արժեք կունենար իսպանական թագի համար, որը ֆինանսավորմամբ էլ իրականացվեց պատմության, թերևս, ամենահամարձակ ու նշանակալի ճանապարհորդությունը։

Թեև նավարկությունը Կոլումբոսը ձեռնարկել էր Իսպանիայի անունից, նա ծագումով իտալացի էր՝ Ճենովայից։ Ուստի, պատահական չէ, որ Կոլումբոսի օրը ճանաչվեց որպես իտալական ծագմամբ մարդկանց և նրանց նվաճումների տոն։

Այնուամենայնիվ, ոչ բոլորն էին ուրախ տոնել Կոլումբոսի օրը, քանզի նոր մայրցամաքի հայտնագործությանը հետևեց եվրոպացի նվաճողների և գաղութարարների ներհոսքը՝ աղետալի հետևանքներ բերելով բնիկ ժողովուրդներին։ Կոլումբոսը, նրա ենթակաները և նրանց հետքերով Նոր աշխարհ ժամանողները դաժանորեն էին վերաբերվում տեղի բնակչությանը՝ ստրկացնելով ու շահագործելով նրանց, անգիտակցաբար վարակելով Եվրոպայում տարածում գտած հիվանդություններով, որոնց հանդեպ բնիկները իմունիտետ չունեին։

Մինչ բազմաթիվ մարդիկ, հատկապես՝ իտալական ծագմամբ, հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին նշում են որպես Կոլումբոսի օրը, ԱՄՆ 26 նահանգներ, բազմաթիվ քաղաքներ, անգամ՝ կազմակերպություններ ողջ երկրով մեկ անցկացնում են, այսպես կոչված, պատասխան տոնակատարություն՝ նշելով Բնիկ ժողովուրդների օրը։

Դաշնային իշխանությունները հաշվի են նստել իրողության հետ․ անցած տարի նախագահ Ջո Բայդենը տոնական երկու ուղերձ հղեց։ Առաջինը՝ նվիրված էր Կոլումբոսի օրվան, ուր նշված էր․ «[Կոլումբոսի] ճանապարհորդությունը ոգեշնչել է շատերին՝ հետևել նրան և, ի վերջո, նպաստել է Ամերիկայի հիմնադրմանը, որը փարոս դարձավ ողջ աշխարհից ներգաղթյալների համար»։

Երկրորդ ուղերձում ասված էր․ «Բնիկ ժողովուրդների օրը մենք հարգում ենք ինքնիշխանությունը, տոկունությունը և այն հսկայական ներդրումը, որը բնիկ ամերիկացիները պարգևել են աշխարհին»։

Բնիկ ժողովուրդների օրը գիտակցում ենք, որ նրանք, ովքեր իրենց ամերիկացի են համարում, հազարավոր տարիներ այս մայրցամաքում ապրած ժողովուրդների ժառանգներն են։ Մեր կողքին են նաև ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով ողջ աշխարհից բազմազան մշակույթներով եկածների հետնորդները։ Նրանցից յուրաքանչյուրի ավանդի շնորհիվ դարձել ենք այնպիսին, ինչպիսինն ենք այսօր։

XS
SM
MD
LG