Հունիսին Միացյալ Նահանգները «Դաեշ» ահաբեկչական խմբավորման երկու առաջնորդների ներառել է միջազգային ահաբեկիչների ցանկում։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի խոսքով, այդ անձինք սեռական բռնություններ են իրականացրել եզդիների նկատմամբ և պատասխանատու են եզդի կանանց ու աղջիկներին առևանգելու և ստրկացնելու համար։
«Այս երկու անձանց ներառումը ցուցակում պատմական քայլ էր։ Առաջին անգամն է, որ հակամարտության գոտիներում տեղ գտած սեռական բռնությունները հանգեցրել են ԱՄՆ պատժամիջոցների կիրառմանը։ Երբեք չենք դադարեցնի արդարության համար պայքարը և չենք մոռանա անհետ կորած համարվող ավելի քան 2 700 եզդի կանանց և երեխաներին»։
Թոմաս-Գրինֆիլդը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին ավելացնել կազմակերպության կառույցների և գործընկերների ֆինանսավորումը, որոնք աջակցություն են ցուցաբերում գենդերային բռնության ենթարկված անձանց։
«Օրինակ, Սիրիայի հյուսիսարևելքում գտնվող և տեղահանվածների համար նախատեսված «Ալ-Հոլ» և «Ռոժ» ճամբարներում բնակվող բազմաթիվ մարդիկ, որոնց մի մասն արդեն «Դաեշի» զինյալների ընտանիքների անդամներ են դարձել, սեռական բռնության զոհեր են կամ վերապրածներ։ Այս ճամբարներում հումանիտար ճգնաժամ է, ճգնաժամ է մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման տեսանկյունից, և երկրները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն իրենց քաղաքացիների վերադարձնելու ուղղությամբ»։
Միացյալ Նահանգներն առաջնահերթ է համարում «Դաեշի» ձերբակալված զինյալների, այնպես էլ «Ալ-Հոլ» և «Ռոժ» ճամբարներում գտնվող անձանց հայրենադարձությունը։ Նման քայլը կարող է երաշխավորել, որ «Դաեշը» չի վերածնվի Սիրիայում, և կարող են կանխվել մարդու իրավունքների հետագա ոտնահարումները։
Դեսպան Թոմաս-Գրինֆիլդը ընդգծել է՝ Միացյալ Նահանգներն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ողջ Աֆրիկայում ահաբեկչության աճող վտանգին։
«Խորապես մտահոգված ենք Սահելում տեղ գտած ռազմական հեղաշրջումներով, որոնք խոչընդոտ կհանդիսանան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին։ Միացյալ Նահանգները շարունակում է՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան աֆրիկացի գործընկերներին ցուցաբերել կարևոր աջակցություն՝ «Դաեշի» և «Ալ Քայիդայի» տեղի մասնաճյուղերի դեմ պայքարում։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավապահների ու անվտանգության ծառայությունների արդյունավետ արձագանքը կարևոր է ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու համար»։
Աֆղանստանը պետք է մերժի ապաստան տրամադրել ահաբեկչական խմբավորումներին, այդ թվում՝ «Դաեշ-Խորասանին» և «Ալ Քայիդայի, որոնք շարունակում են հարձակումներ ծրագրել և Աֆղանստանում ու Պակիստանում տեղի ունեցած մահացու հարձակումների պատասխանատվություն են ստանձնել։
Միջազգային հանրությունը չպետք է թուլացնի զգոնությունը ահաբեկչության դեմ պայքարում։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։
Միացյալ Նահանգները հանձնառու է ապահովել արդարադատությունն ու պատասխանատվությունը՝ հակամարտության գոտիներում տեղ գտած սեռական բռնությունների համար։