ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» համաձայնագիրը երաշխավորում է հացահատիկի արտահանումը ուկրաինական երեք հիմնական նավահանգիստներից։ Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներն այն ստորագրել են հուլիս ամսին։ Այդ համաձայնագիրը, որի ժամկետը ենթակա է թարմացման նոյեմբերին, օգնել է հաղթահարել ամբողջ աշխարհում աճող պարենային ճգնաժամը։
Առաջին նավը մեկնել է ուկրաինական Օդեսա նավահանգստից օգոստոսի 1-ին՝ տեղափոխելով ավելի քան 26,000 տոննա եգիպտացորեն։ Այդ ժամանակից ի վեր համաձայնագրի շրջանակներում շուրջ 400 նավ արտահանել է 9,2 միլիոն տոննա հացահատիկ, եգիպտացորեն, ձավարեղեն և այլ մթերք:
Միացյալ Նահանգների գյուղատնտեսության դեպարտամենտի տվյալներով՝ Ուկրաինան արևածաղկի քուսպի, ձիթայուղի և սերմերի առաջատար արտադրողն ու արտահանողն է։ Ուկրաինան նաև հանդիսանում է ցորենի յոթերորդ խոշորագույն արտադրողը աշխարհում։
«Միացյալ Նահանգները», ասել է պետքարտուղար Բլինքենը, «ցավում է, որ Ռուսաստանը կասեցրել է իր մասնակցությունը ՄԱԿ-ի միջնորդությամբ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» գործողություններին»։ Նա հորդորել է «բոլոր կողմերին սատարել այդ կարևոր, կյանք փրկող նախաձեռնության գործառնումը»։
«Նախաձեռնությունը հաջողություն է գրանցել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից համաշխարհային շուկաներ խիստ անհրաժեշտ պարենի մատակարարումների ապահովման հարցում», ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։ «Այն նպաստել է պարենային ապրանքների գնիջեցմանը ամբողջ աշխարհում և ապահովել, որ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից ձեռք բերված ցորենը հասնի Եմենի, Եթովպիայի, Աֆղանստանի և Սոմալիի բնակչության խոցելի խմբերին»։
«Հացահատիկի այս կարևորագույն տեսակների արտահանման խաթարմանն ուղղված Ռուսաստանի ցանկացած գործողություն, ըստ էության, հայտարարություն է այն մասին, որ մարդիկ և ընտանիքներն ամբողջ աշխարհում պետք է ավելի շատ վճարեն սննդի համար կամ սովի մատնվեն», նշել է պետքարտուղար Բլինքենը։ «Այս պայմանավորվածությունը կասեցնելով՝ Ռուսաստանը դարձյալ օգտագործում է պարենը որպես զենք իր իսկ սանձազերծած պատերազմում՝ ուղղակիորեն ազդելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների և պարենամթերքի համաշխարհային գների վրա, ինչպես նաև խորացնելով առանց այն էլ ծանր հումանիտար ճգնաժամերը և պարենային անապահովությունը»։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը վերականգնել իր մասնակցությունը նախաձեռնությանը», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը, «ամբողջովին հետամուտ լինել պայմանավորվածությանը և գործել՝ ապահովելու, որ ամբողջ աշխարհում մարդիկ շարունակեն ստանալ» կենսական կարևոր պարենամթերք։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Ռուսաստանը սառեցնում է իր մասնակցությունը «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը»

Ռուսաստանի կառավարությունը սառեցրել է իր մասնակցությունը «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությանը»՝ վտանգելով պարենի մատակարարումներն ամբողջ աշխարհում։