Accessibility links

Breaking News

Ուկրաինայի սահմանին լարվածության թուլացմանն ուղղված դիվանագիտական ջանքերը շարունակվում են


Տարբեր միջազգային հարթակներում մեկշաբաթյա ակտիվ դիվանագիտական հանդիպումներից հետո՝ կապված Ուկրաինայում և երկրի մերձակայքում Ռուսաստանի շարունակական և չհրահրված ռազմական կուտակումների հետ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում է դիվանագիտական ջանքերը ճգնաժամը մեղմելու ուղղությամբ։

Հունվարի 19-ին Կիևում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Իսկ հունվարի 21-ին Ժնևում նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություններից առաջ Կիևում ԱՄՆ դեսպանատանն ունեցած իր ելույթում պետքարտուղար Բլինքենը նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը շարունակի հետագա ներխուժումը Ուկրաինա, միջազգային համակարգի և խաղաղության պահպանման հիմնարար սկզբունքները կդրվեն կասկածի տակ, այն է՝ որևէ երկիր չի կարող հարկադրաբար փոխել մեկ այլ երկրի սահմանները, որևէ երկիր չի կարող մեկ այլ երկրի թելադրել իր ընտրությունը, և որ երկրները չեն կարող չարաշահել իրենց ազդեցության տիրույթները՝ հարևան երկրներին իրենց ենթարկելու նպատակով։

«Եթե մենք թույլ տանք այդ սկզբունքները անպատիժ խախտվեն, մենք կբացենք Պանդորայի շատ մեծ արկղ, մինչդեռ ամբողջ աշխարհը հետևում է այս ամենին», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումից հետո պետքարտուղար Բլինքենը Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վերահաստատել է Միացյալ Նահանգների «անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Այդ իսկ պատճառով «մենք կշարունակենք մեր համառ դիվանագիտական ջանքերը՝ կանխելու նոր ագրեսիան և աջակցելու երկխոսությանը և խաղաղությանը», ասել է նա։

Միևնույն ժամանակ պետքարտուղար Բլինքենը նշել է. «Մենք շարունակում ենք սատարել իրեն պաշտպանելու Ուկրաինայի կարողությանը և հստակեցնել պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները և Եվրոպան կպարտադրեն Մոսկվային, եթե նա հրաժարվի դիվանագիտական ուղուց… և շարունակի Ուկրաինայի չհիմնավորված, չհրահրված, անընդունելի ներխուժումը կամ ապակայունացումը»։

Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է, որ «մեր դիվանագիտության ուժը, մեր զսպվածությունը և Մոսկվայի ագրեսիային ցանկացած արձագանք պահանջում են համախմբում ինչպես մեր դաշնակիցների և գործընկերների միջև, այնպեսև Ուկրաինայի ներսում։ Ուկրաինացիները պետք է միասնական լինեն, հատկապես՝ այս պահին»։

Նա նշել է, որ Ռուսաստանի վաղեմի նպատակներից մեկն է «փորձել Ուկրաինայի ներսում պառակտումներ սերմանել, որպեսզի խոչընդոտի ուկրաինացիների համատեղ աշխատանքին իրենց եվրաժողովրդավարական հավակնությունների իրականացման գործում։ Թույլ մի տվեք, որ Մոսկվան բաժանի ձեզ»։

«Ի զորակցություն պառակտման, ահաբեկման, սպառնալիքի դեմ դիմակայելու ձեր ջանքերին՝ Միացյալ Նահանգները վճռականորեն կսատարի սեփական ապագայի համար որոշումներ կայացնելու ձեր իրավունքը, այդ ապագան՝ որպես ուկրաինացիները հանուն Ուկրաինայի, կերտելու ձեր իրավունքը», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG