Չնայած ռուսաստանցիների մեծամասնությունը ընտրատեղամասեր է եկել մարտի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, գրավյալ ուկրաինական շրջաններում վաղաժամկետ քվեարկությունը սկսվել է փետրվարին։ Զապորոժիեի, Խերսոնի, Լուգանսկի, Դոնեցկի և Ղրիմի այն բնակիչներին, որոնց տեղական ընտրական հանձնաժողովները չեն կարողացել գայթակղել անվճար սննդով, երաժշտական ներկայացումներով և զանազան հանդեսներով, այցելել են տեղի պաշտոնյաները՝ ընտրացուցակներով, քվեատուփով և զինվորակնների ուղեկցությամբ։
«Եկեք իրերը կոչենք իրենց անուններով»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Բացահայտ քարոզչություն է, որը ձեռնարկվել է՝ հույս ունենալով որևէ կերպ ամրապնդել Ռուսաստանի անօրինական հավակնությունները Ուկրաինայի այն շրջանների նկատմամբ, որոնք [Կրեմլը] ապօրինաբար զավթել է»։
«Ուկրաինայի ինքնիշխան տարածքում ռուսաստանյան ընտրությունների անցկացումը վկայում է Կրեմլի [օտար պետությունների դեմ ուղղված] ագրեսիայի և [երկրի ներսում] բռնաճնշումների միջև կապի մասին»,- ընդգծել է դեսպան Թոմաս-Գրինֆիլդը։ «Վիրավորանք է առ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներ, որոնք ընկած են գլոբալ անվտանգության և կայունության հիմքում»։
«Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից երկու տարի անց և Ղրիմ [ռուսական] ներխուժումից 10 տարի հետո պետք է շարունակենք պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունը։ ... ՄԱԿ-ի ինքնիշխան այլ անդամ պետության տարածքում՝ առանց նրա համաձայնության ընտրությունների անցկացումը բացահայտ արհամարհանք է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ»։
«Ցանկացած երկիր, որը ձգտում է պաշտպանել այդ սկզբունքները, այսօր չպետք է լռի»,- նշել է Թոմաս-Գրինֆիլդը։
«Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի Դաշնության հավակնությունները Ուկրաինայի ցանկացած ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Անվերապահորեն դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մի մասի շարունակվող օկուպացիան։ ... Կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալ մեզ՝ պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում այդ կեղծ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար»։
«Չափազանց կարևոր է, որպեսզի շարունակենք միասնաբար հանդես գալ՝ ի պաշտպանություն ՄԱԿ-ի կանոնադրության և ընդդեմ Ռուսաստանի տարածքային հավակնությունների ու սահմանները ուժով վերաձևելու փորձերի, որպեսզի շարունակենք պատասխանատվության կանչել Ուկրաինայում ռուսաստանցի պաշտոնյաներին՝ կատարված վայրագությունների և չարաշահումների համար, որպեսզի շարունակենք արդար [դատավճիռ] փնտրել զոհերի համար՝ ոչ միայն բարոյական, այլև ռազմավարական առումով՝ նպաստելով ապագայում ագրեսիայի զսպմանը և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքին, և հանուն նրա, որպեսզի շարունակենք դատապարտել Ուկրաինայի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքներում այդ կեղծ ընտրությունների անցկացումը, որը հերթական անհաջող փորձն է՝ արդարացնելու այն, ինչը արդարացում չունի»,- եզրափակել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։