Accessibility links

Breaking News

Ուկրաինական Խերսոն քաղաքում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների բացահայտումը


Ռուսական զորքերը փորձում են բռնակցել Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոնի մարզը՝ կատարելով մարդու իրավունքների սարսափելի խախտումներ, հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Քարփենթերը։

Խերսոնը «դարձել է, ինչպես ես անվանել եմ, Կրեմլի սարսափների լաբորատորիայի մի մասը։ . . .«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Կրեմլն իրագործում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կլանման իր ծրագիրը»։

Սահմռկեցուցիչ հաղորդումներ են ստացվում, որ Խերսոնի մարզում մոտ 600 մարդ պահվում է հատուկ սարքավորված նկուղներում, որոնք ծառայում են որպես «տանջախցեր»։ Կալանավորվածների թվում են տեղական պաշտոնյաներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ և նրանք, ովքեր ռուսական ուժերի տվյալներով մասնակցել են Խերսոնում և Խերսոնի մարզում ուկրաինամետ ցույցերի։

Բացի այդ, ըստ հաղորդումների՝ Խերսոնի բնակիչները ենթարկվում են ինքնության նվաստացուցիչ ստուգումների և հաճախ դաժան հարցաքննությունների։ Ռուսական զորքերը շուրջկալում են տեղի խաղաղ բնակչությանը, նրանց բերման են ենթարկում կալանավայրեր կամ «զտման կետեր» և հարցաքննում ուկրաինական կառավարության կամ անկախ լրատվամիջոցների հետ ենթադրյալ կապերի վերաբերյալ։ Հաղորդվում է, որ այս գործընթացը կարող է ներառել մի քանի օր կալանավորում և հարցաքննություն, մինչև ռուսական զորքերը որոշեն, թե ում պետք է սպանել, խոշտանգել, անորոշ ժամկետով կալանավորել կամ բռնի կերպով տեղափոխել Ռուսաստան։

Խերսոնի մարզի բռնագրավված տարածքներում Ռուսաստանը նշանակում է խամաճիկային իշխանության մարմիններ և վստահված անձանց, ինչպես դա եղել է 2014 և 2015 թվականներին Դոնեցկում և Լուգանսկում, հայտնել է դեսպան Քարփենթերը։

Միևնույն ժամանակ, ռուսաստանյան կառավարությունը խոչընդոտում կամ փակում է ինտերնետի հասանելիությունը Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում՝ մարդկանց զրկելու հավաստի տեղեկատվություն ստանալու, ֆինանսական գործարքներ կատարելու կամ հաղորդակցվելու հնարավորությունից։

Դպրոցներում տնօրեններին ստիպում են անցնել Ռուսաստանի Դաշնության ուսումնական ծրագրին, թեև շատերը հրաժարվում են կատարել այդ պահանջը՝ իրենց անվտանգության համար մեծ ռիսկի գնով։

Տնտեսական առումով Ռուսաստանը փորձում է նաև հող նախապատրաստել ապագա բռնակցման համար։ Տեղացիներին ստիպում են օգտագործել ռուսական ռուբլին և իրենց առևտրային անշարժ գույքը գրանցել նոր խամաճիկային վարչահամակարգում։

Ռուսաստանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և հակասում Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր տասը սկզբունքներին, հայտարարել է դեսպան Քարփենթերը։ Միացյալ Նահանգները համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա զորքերը պետք է պատասխանատվության ենթարկվեն Խերսոնում և Ուկրաինայի այլ վայրերում իրականացվող սարսափելի վայրագությունների համար։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG