Accessibility links

Breaking News

Սրընթաց զարգացող մարդասիրական ճգնաժամ Ուկրաինայում


Փետրվարին «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սանձազերծեց կանխամտածված, չհրահրված, չարդարացված և դաժան ներխուժում Ուկրաինա», հայտարարել է փոխպետքարտուղար Վենդի Շերմանը։

Եվ ընդամենը այս մի քանի շաբաթվա ընթացքում «Ռուսաստանի չդադարող ռմբակոծությունները Ուկրաինայի քաղաքների և կենսական կարևոր ենթակառուցվածքների վրա հանգեցրել են վերջին տասնամյակների ընթացքում ամենաարագ աճող մարդասիրական ճգնաժամերից մեկին»։

«Ընդամենը հինգ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի բնակչության գրեթե մեկ քառորդը տեղահանվել է, այդ թվում՝ երկրում ապրող երեխաների կեսից ավելին։ Ընդամենը հինգ շաբաթվա ընթացքում ավելի քան չորս միլիոն մարդ լքել է երկիրը որպես փախստական։ Այժմ Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացնում է, որ ուկրաինացիների 45 տոկոսը (հացահատիկ մատակարարող աշխարհի խոշորագույն վայրերից մեկի բնակչության գրեթե կեսը) մտահոգված է բավարար սննդով ապահովված լինելու խնդրով»։

Ելույթ ունենալով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մարդասիրական հետևանքների մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցում՝ փոխպետքարտուղար Շերմանը կոչ է արել միջազգային հանրությանն օգնել ուկրաինացի ժողովրդին ապահովելու պարենամթերքով, ջրով, ապաստանով և դեղորայքով, ինչպես նաև աջակցել Ուկրաինայի հարևաններին, որոնք ընդունել են միլիոնավոր փախստականներ։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է իր դերակատարմանը՝ թեթևացնելու մարդկային տառապանքը, որն առաջացել է այս պատերազմի հետևանքով Ուկրաինայում և աշխարհի այլ երկրներում», ասել է նա։

«Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 1 միլիարդ դոլարի նոր մարդասիրական օգնություն տրամադրել ուկրաինացի ժողովրդին, նրանց, ովքեր ապաստան են փնտրում հարևան երկրներում, և նրանց, ովքեր ամբողջ աշխարհում զգում են Պուտինի պատերազմի հետևանքները, ներառյալ՝ աճող պարենային անապահովությունը»։

«Սակայն փաստը մնում է փաստ, որ քանի դեռ Պուտինը շարունակում է իր պատերազմը, քանի դեռ ռուսական զորքերը շարունակում են ռմբակոծել ուկրաինական քաղաքները և արգելափակել մարդասիրական օգնության շարասյունները, քանի դեռ շրջապատման մեջ հայտնված խաղաղ բնակիչները չեն կարողանում հասնել ապահով վայրեր, մարդասիրական այս ճգնաժամը միայն կխորանա թե՛ Ուկրաինայում, թե՛ ռուս ժողովրդի համար և թե՛ ամբողջ աշխարհում», նշել է փոխպետքարտուղար Շերմանը։

«Ռուսաստանը պետք է հետևի միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորություններին խաղաղ բնակչության պաշտպանության հարցում, ներառյալ՝ նրանց, ովքեր փախչում են հակամարտությունից, և նրանց, ովքեր մարդասիրական օգնություն են ցուցաբերում»։

«Մենք իսկապես լիահույս ենք, որ նախագահ Պուտինը լրջորեն կվերաբերվի խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին։ Սակայն մեր ուշադրությունը սևեռված է նրան, թե ինչ գործողություններ են ձեռնարկում ռուսական ուժերը, այլ ոչ թե ինչ է ասում Ռուսաստանը կամ թե ինչ է ասում Պուտինը», նշել է փոխպետքարտուղար Շերմանը։

«Եվ, ի վերջո, այս մարդասիրական աղետին վերջ տալու միակ ուղին տևական զինադադարն է և ռուսական զորքերի ամբողջական դուրսբերումը Ուկրաինայի տարածքից և ուկրաինական սահմաններից հեռու»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG