Accessibility links

Breaking News

ԱՄՆ-ն դատապարտում է ռուսաստանցի իրավապաշտպան Օլեգ Օռլովի ազատազրկումը


Օլեգ Օռլովը` դատարանի դահլիճում. Ռուսաստան
Օլեգ Օռլովը` դատարանի դահլիճում. Ռուսաստան

Միացյալ Նահանգները դատապարտում է ռուսաստանցի հայտնի իրավապաշտպան Օլեգ Օռլովի նկատմամբ Ռուսաստանում արձակված դատավճիռը։

Օռլովը՝ Նոբելյան մրցանակի արժանացած «Մեմորիալ» կազմակերպության համանախագահն է։ Կազմակերպության առաքելությունն է փաստագրել ստալինյան դարաշրջանի և խորհրդային կառավարման հետագա տարիների վայրագություններն ու բռնաճնշումները, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքները մերօրյա Ռուսաստանում։ «Մեմորիալ» կենտրոնը տարիներ շարունակ եղել է Վլադիմիր Պուտինի կառավարության թիրախը, ինչի հետևանքով կազմակերպության առանցքային ստորաբաժանումները հարկադրաբար փակվել են։

Օլեգ Օռլովը հրապարակավ դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Արդյունքում՝ 2023 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել «ռուսական բանակը բազմիցս վարկաբեկելու» համար, և դատարանը նրան տուգանել է 150 հազար ռուբլով՝ մոտ 1 600 դոլար։

Ինչպես փետրվարի 27-ին նշել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, ռուսական իշխանությունները, դժգոհ լինելով պատժից, «պահանջել են վերանայել այն»։

«Պարոն Օռլովը այսօր դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման՝ պարզապես Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դեմ խաղաղ և համարձակ հանդես գալու համար։ [ԱՄՆ] դեսպան [Լին] Թրեյսին միացել է 17 այլ երկրների դիվանագետներին՝ ի ցույց դնելու արդարության հերթական աղավաղումը պուտինյան Ռուսաստանում, որը Օռլովը դիպուկ բնութագրել է որպես մղձավանջային»։

Օռլովի դատավճիռը կայացվեց ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ աշխարհը ցնցվեց Պուտինի գլխավոր քաղաքական մրցակից Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին լուրից, ով դատապարտվել էր երեսուն տարվա ազատազրկման։ Օռլովի դատավճիռը, ինչպես նշել է Միլլերը, նաև համընկել է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ և ժողովրդավարության ջատագով Բորիս Նեմցովի սպանության 9-րդ տարելիցին։

«Ալեքսեյ Նավալնիի նման Նեմցովը այն ձայնն էր, որը կոչ էր անում բարեփոխումների և հաշվետվողականության, և Պուտինը նրան թիրախավորել էր իր գործունեության համար։ Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Նեմցովը իր կյանքը նվիրել էր համաքաղաքացիների կյանքի բարելավմանը, մինչև այն օրը, երբ նրան գնդակահարեցին Կրեմլի մերձակայքում»։

Մամուլի քարտուղար Միլլերը նշել է, որ Նեմցովի հավատարմությունը ժողովրդավարությանը շարունակում է ոգեշնչել Ռուսաստանում այլ քաղաքական գործիչների և իրավապաշտպանների, «այդ թվում՝ Նեմցովի հովանավորյալ և խիզախ առաջնորդ» Վլադիմիր Կարա-Մուրզային, ով հիմա ռուսական բանտում է։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Կրեմլի կողմից իրականացվող բռնաճնշումների աճը»,- հայտարարել է Միլերը։ «Մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին՝ Միացյալ Նահանգները շարունակելու է պնդել, որ Ռուսաստանի իշխանությունները անհապաղ ազատ արձակեն ավելի քան 680 քաղբանտարկյալների, որոնց նրանք շարունակում են պահել անազատության մեջ։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Ռուսաստանի խիզախ քաղաքացիներին, որոնք շարունակում են աշխատել հանուն ռուս ժողովրդի լավ ապագայի»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG