Աշխարհի բազմաթիվ բնակավայրեր դեռ շատ հեռու են պատրաստ լինելուց՝ դիմակայելու ենթակառուցվածքների, մշակաբույսերի և ապրուստի միջոցների ոչնչացմանը։ Համայնքներին օգնելու նպատակով՝ ԱՄՆ նախագահ Բայդենը նախաձեռնել է «Հարմարվեու և դիամակայունությունը բարձրացբելու նախագահի արտակարգ ծրագիրը» (The President’s Emergency Plan for Adaptation and Resilience, PREPARE), որի իրականացման համար պատասխանատու են ԱՄՆ պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ)։
«Բարդ է … որոշել, թե որոնք են առավել առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները, քանի որ դրանք կարող են տարբեր լինել՝ կախված վայրից. ահագնացող ջրհեղեղներին հարմարվելը բոլորովին այլ լուծումներ է պահանջում, քան, օրինակ, աղետալի ջերմային ալիքներին [դիմակայելը]»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։
«Շուրջ երկու տասնամյակ առաջ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ ՆԱՍԱ-ի հետ համագործակցաբար նախաձեռնեց SERVIR ծրագիրը, որն օգնում է երկրներին հասկանալ այն ռիսկերը, որոնք նրանց համար ներկայացնում է եղանակային էական փոփությունը։ Այսօր 50 երկրներ SERVIR-ի միջոցով իրական ժամանակում ստանում են արբանյակային պատկերներ՝ ավելի արդյունավետ կանխատեսումներ անելով ջրհեղեղներից մինչև անտառային հրդեհների գծով, կամ բերքը ոչնչացնող մորեխների բազմացման հավանական վայրերի վերաբերյալ։ Ծրագիրը առաջարկում է գործիքներ՝ կանխատեսելու երկարաժամկետ միտումները, օրինակ, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կամ երաշտը»։
Այս հունվարի 30-ին Սամանթա Փաուերը հայտարարեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ն SERVIR-ին կհատկացնի լրացուցիչ 11 միլիոն դոլար․ «Այդ տվյալները կօգնեն ոչ միայն անհապաղ կարևոր միջոցներ ձեռնարկել, այլև կանխատեսել երկարաժամկետ կարիքները, որոնք [իրենց հերթին] կօգնեն երկրներին՝ լուծումների առաջնահերթություն սահմանելու գործում»։
ԱՄՆ ՄԶԳ-ն նաև խրախուսում է նորարարական մտածողությունը։ «Կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարելավմանն ուղղված նորարարական մոտեցումներն առայժմ հապաղում են։ Պետք է փոխենք այդ իրավիճակը»,- ասել է Փաուերը՝ հավելելով, թե, օրինակ, «երաշտների աճը կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ համաշխարհային պարենային անվտանգության համար»։
«Համալսարանական գործընկերների հետ ներդրումներ ենք կատարել հիմնարար հետազոտություններում՝ երաշտադիմացկուն նոր սերմեր և աճեցման մեթոդներ մշակելու համար։ Դրամաշնորհներ ենք հատկացրել գյուղատնտեսական ընկերություններին և համալսարաններին՝ մշակելու սերմեր հիմնական մշակաբույսերի համար, ինչպիսիք են եգիպտացորենը և բրինձը, որոնք ավելի լավ են դիմանում չոր կլիմային։ «Հարմարեցված մշակաբույսերի և հողերի տեսլականի» (Vision for Adapted Crops and Soils, VACS) շրջանակում ընդլայնում ենք այդ աշխատանքը պետքարտուղարության և աֆրիկացի հետազոտողների հետ՝ ստեղծելու տեղածին մշակաբույսերի ավելի դիմացկուն տարբերակներ, ինչպիսիք են կովի սիսեռը և կորեկը»։
«Որքան ավելի շատ գաղափարներ կարողանանք կյանքի կոչել և ռեսուրսներ ներգրավել ողջ աշխարհից՝ օգնելու նման նորարարական գաղափարների իրականացմանը, այնքան ավելի արագ կկարողանանք ստեղծել մատչելի լուծումներ, որոնք թույլ չեն տա կլիմայական աղետներին ցնցել մեր համակարգերը»,- ասել է Փաուերը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։