Accessibility links

Breaking News

Ականազերծումը էական նշանակություն ունի Ուկրաինայի վերականգնման համար


(FILE) A poster reading 'Stop! Mines!' in Ukraine.
(FILE) A poster reading 'Stop! Mines!' in Ukraine.

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմն ավարտվելուց հետո Ուկրաինան պետք է վերականգնվի։

Սակայն վերակառուցման որևէ գործընթաց չի հաջողվի այնտեղ, քանի դեռ Ուկրաինան չի ձերբազատվել հազարավոր ականներից և չպայթած զինամթերքից, որոնցով ռուսական զավթիչ ուժերը պատել են մոտ 160,000 քառակուսի կիլոմետր կամ Ուկրաինայի տարածքի մեկ քառորդը։

Մեկ տարվա ընթացքում Ուկրաինայում, որը մինչև վերջերս տարածաշրջանի հիմնական հացահատիկի շտեմարանն էր և հացահատիկի ու արևածաղկի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկը, կտրուկ կրճատվել է գյուղատնտեսական մթերքի արտադրությունը, քանի որ Ռուսաստանը ականապատել է երկրի երբեմնի լայնատարած բերրի դաշտերն ու գյուղատնտեսական կայանքները:

Նմանապես, պայթուցիկ նյութերը նույնպես դիտավորյալ օգտագործվել են՝ խաղաղ բնակիչներին սպանելու և խեղելու համար։

Պետքարտուղարության Ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի՝ սպառազինության վերացման վարչության ծրագրերի ղեկավար Մայքլ Թիրեի խոսքերով.

«Մենք գիտենք, որ ռուսական ուժերը դիտավորյալ պայթուցիկ նյութեր են տեղադրել մարդկանց տներում գտնվող կենցաղային իրերում, այդ թվում՝ մանկական խաղալիքների մեջ, և նույնիսկ ներխուժման հետևանքով զոհված մարդկանց մարմիններում։ Ռուսական զորքերի կողմից ինքնաշեն պայթուցիկ սարքերի սարսափազդու օգտագործումը հիշեցնում է ԴԱԻՇ-ի մարտավարությունը Իրաքում և Սիրիայում, որտեղ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները փորձում էին հնարավորինս շատ զոհեր պատճառել քաղաքացիական բնակչության շրջանում և մարդկանց ստիպել վախենալ տուն վերադառնալ»։

Ուստի զարմանալի չէ, որ ականազերծումը Ուկրաինայի կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Ուկրաինայի մի շարք պետական ծառայությունների օպերատիվ աշխատակիցներ արդեն կատարում են այս վտանգավոր աշխատանքի մեծ մասը։

Միացյալ Նահանգները 2016 թվականից աջակցում է Ուկրաինայի ականազերծման ջանքերին։ Ամերիկացի փորձագետները խորհրդատվություն են տրամադրում ուկրաինական իշխանություններին, վերապատրաստում և զինում են սարքավորումներով ականազերծման աշխատանքներ իրականացնող կառավարական խմբերը, ինչպես նաև ֆինանսավորում են միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները՝ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի շփման գծի երկայնքով ականազերծում իրականացնելու համար։ Բոլորովին վերջերս ԱՄՆ Պետքարտուղարությունը 91,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային՝ ականազերծման հետագա աշխատանքների համար։
«Որքան էլ անհավանական են եղել Ուկրաինայի կառավարության ջանքերը, պայթյունավտանգ աղտոտվածության ծավալներն ահռելի են», ասել է պարոն Թիրեն։

«Հաջորդ տարվա ընթացքում հատկացվելիք 91,5 միլիոն դոլարի օգնությունը նախատեսված է Ուկրաինայի ազգային կարողության ուժեղացման և ամրապնդման համար՝ հաշվի առնելով, որ այդ ջանքերը ղեկավարվել և միշտ ղեկավարվելու են Ուկրաինայի կողմից»։
Ռուսական ականների և չպայթած զինամթերքի վնասազերծման համար կպահանջվեն երկար տարիներ և լավ համակարգված միջազգային արձագանք։ Միացյալ Նահանգները հավատարիմ է Ուկրաինայի ժողովրդի վերականգնվելու և իրենց կյանքը վերսկսելու օգնությանն ուղղված ջանքերին։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG