Accessibility links

Breaking News

Միջազգային ֆինանսական աջակցություն Ուկրաինային


Միացյալ Նահանգները վերահաստատել է իր ֆինանսական հանձնառությունը ուկրաինացի ժողովրդի առջև։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Ուկրաինային ԱՄՆ կառավարության կողմից մինչև 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիք տրամադրելու մասին՝ աջակցելու երկրի տնտեսական բարեփոխումների ծրագրին և շարունակելու համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ։ «Այս առաջարկը, որը զուգորդվում է Ուկրաինայի, ԱՄՀ-ի, այլ միջազգային ֆինանսական հաստատությունների, Մեծ յոթնյակի և այլ երկկողմ դոնորների միջև գործընկերության հետ, կամրապնդի Ուկրաինայի տնտեսական կայունությունը, աճը և բարգավաճումը Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում», ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարության մեջ։

Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու բռնագրավումը սկսելուց հետո 2014-2016 թվականների ընթացքում Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է երեք վարկային երաշխիքներ՝ յուրաքանչյուրը 1 միլիարդ դոլար արժողությամբ, որոնք երաշխավորում են պարտքերի մարումը։ «Վարկային երաշխիքները առանցքային դեր են խաղացել՝ օգնելով Ուկրաինային հաջողությամբ կայունացնել ռուսական նախորդ ագրեսիայից տուժած իր տնտեսությունը և իրականացնել համարձակ տնտեսական բարեփոխումների ծրագիր, որն ամրապնդված է ԱՄՀ-ի հետ հավակնոտ համագործակցությամբ», ասել է պետքարտուղար Բլինքենը։

2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 2 միլիարդ դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինայի զարգացման համար։ ԱՄՆ կառավարությունը նաև աշխատանք է տարել ամերիկյան ընկերությունների առևտրային մասնակցությունն ուկրաինական տնտեսության մեջ խթանելու ուղղությամբ։

Միացյալ Նահանգների Արտահանման-ներմուծման բանկը մտադիր է մինչև 3 միլիարդ դոլար հատկացնել՝ Ուկրաինայում իրականացվող ծրագրերի համար ամերիկյան ապրանքների և ծառայությունների գնումները հեշտացնելու նպատակով, իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան մոտ 800 միլիոն դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆոլիո ունի Ուկրաինայում ավելի քան մեկ տասնյակ ծրագրերի շրջանակներում։

Պետքարտուղար Բլինքենը հայտարարել է, որՄիացյալ Նահանգները «կշարունակի ուղիներ փնտրել Ուկրաինային և նրա ժողովրդին սատարելու համար»՝ ընդդեմ ռուսական ներխուժման ակնհայտ և առկա վտանգի։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG