Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ Իրանում ձերբակալվել են ավելի քան իննսուն լրագրողներ՝ կապված զանգվածային բողոքի ցույցերի հետ, որոնց նախորդել էր անցյալ տարվա սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինիի սպանությունը ոստիկանությունում:
Նիլուֆար Համեդին և Էլահե Մոհամադին սեպտեմբերին ձերբակալվելուց հետո ավելի քան 300 օր անցկացրել են բանտում։ Համեդին հայտնել է Ամինիի ծանր վիճակի մասին լուրը այն բանից հետո, երբ նա ձերբակալվել է այսպես կոչված «բարոյականության ոստիկանության» կողմից՝ իր հիջաբը ոչ պատշաճ կերպով կրելու համար: Համեդիի նկարը, ուր պատկերված էին Մահսա Ամինիի վշտացած ծնողները, մեծ տարածում է գտել: Մոհամադին լուսաբանեց Ամինիի հուղարկավորությունը Սաքեսում և տեղեկացրեց հազարավոր ներկաների մասին:
Լրագրողական պարտականություններ կատարելու համար երկու կին մեղադրվել են համակարգի դեմ քարոզչության, ազգային անվտանգության դեմ գործելու և Միացյալ Նահանգների հետ համագործակցելու մեջ: Այս մեղադրանքները կարող են հանգեցնել մահապատժի: Նրանց վերջին դատավարություններն ընթացան փակ դռների հետևում, որից հետո Համեդին և Մոհամադին սպասում են դատավճռին և դրա հետ կապված լուրերին:
Իրանի իշխանությունները նաև ձերբակալել են այն լրագրողներին, ում բերման էին ենթարկել բողոքի ցույցերի ժամանակ, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ էին արձակել կամ համաներում շնորհել: Նրանց թվում են Telegram-ի Iran Times լրատվական ալիքի տնօրեն Հոսեյն Յազդին և ազատ լրագրող Նազիլա Մարուֆյանը:
Երկու այլ լրագրողներ՝ Սայիդեհ Շաֆիին և Նասիմ Սոլթանբեյգին, որոնք առաջին անգամ ձերբակալվել էին բողոքի ցույցերի ժամանակ և մեղադրվում էին «պետության դեմ քարոզչության» և «հասարակական կարծիքը ապակայունացնելու» մեջ, վերջերս դատապարտվեցին երկու տարվա ազատազրկման և երկու տարվա սոցիալական սահմանափակումների, ներառյալ լրատվական ոլորտում գործունեության և երկրից հեռանալու արգելքը:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ափսոսանք է հայտնել, որ «իրանական վարչակարգը շարունակական բռնաճնշումների է ենթարկում լրագրողներին՝ լրագրողական գործունեության համար, հաճախ անհիմն և ամբողջությամբ կեղծ մեղադրանքներով»: Ռեժիմի գործողությունները, նրա խոսքերով, «շարունակում են իրենից ներկայացնել մարդու իրավունքների խախտում, ինչին ականատես է ամբողջ աշխարհը»:
Իրանի իշխանությունները շարունակում են բռնաճնշումների ենթարկել լրագրողներին: