Accessibility links

Breaking News

Իրանը խախտում է իր միջուկային պարտավորությունները


Մի կին անցնում է դրոշի կողքով, որը ցույց է տալիս հրթիռների արձակումը, Թեհրանի հյուսիսում, Իրան, ուրբաթ, 19 ապրիլի, 2024թ.
Մի կին անցնում է դրոշի կողքով, որը ցույց է տալիս հրթիռների արձակումը, Թեհրանի հյուսիսում, Իրան, ուրբաթ, 19 ապրիլի, 2024թ.

Իրանի միջուկային պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած նախորդ ճեպազրույցին կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոն հիշատակել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախորդ զեկույցը, ըստ որի «Իրանում հարստացված ուրանի ընդհանուր պաշարը երեսուն անգամ գերազանցում է թույլատրելի ծավալը», որը սահմանված է համաձայն թիվ 2231 բանաձևի։ Գործակալությունը նաև հայտնել է, թե Իրանը արգելել է իր տեսուչների մուտքը երկիր, հարստացրել է ուրանը՝ այն գրեթե հասցնելով միջուկային զենք արտադրելու մակարդակի, ինչպես նաև գործարկել է ժամանակակից ցենտրիֆուգների նոր կասկադներ։

ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ քաղաքական հարցերով այլընտրանքային ներկայացուցիչ Ռոբերթ Վուդը հայտարարել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մայիսի 27-ի և հունիսի 13-ի զեկույցները ցույց են տալիս, որ Իրանը վճռական է՝ ընդլայնելու իր միջուկային ծրագիրը այնպիսի եղանակներով, որոնք չունեն համոզիչ քաղաքացիական նպատակ»։

«Իրանը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք կամրապնդեն միջազգային վստահությունը և կնվազեցնեն լարվածությունը, այլ ոչ թե շարունակի միջուկային գործունեությունը, որը լուրջ վտանգ է ներկայացնում միջուկային զենքի տարածման համար։ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իրանում միջուկային զենքի հայտնվելը կանխելու համար։ Այդուհանդերձ, շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային մտահոգությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն»։

Դեսպան Վուդը նշել է, որ բեկումնային փոփոխություն կարող է տեղի ունենալ 2025 թվականի հոկտեմբերին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «կարող է դադարեցնել Իրանի միջուկային խնդրի քննարկումը թիվ 2231 բանաձևի ներքո»։

«Սակայն կարևոր է հիշել, որ [ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդի ընդունած 2231 բանաձևը ի սկզբանե նպատակ ուներ օգնել ձեռք բերել միջազգային հանրության վստահությունը Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի նկատմամբ։ Իրանի գործողությունները վկայում են, որ նա շահագրգռված չէ հուսալի կերպով ցույց տալ, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում»։

Դեսպան Վուդը նշել է, թե Իրանը մտահոգություն է հարուցում ոչ միայն իր ստանձնած միջուկային պարտավորությունների կատարումից հրաժարվելու պատճառով։ Այն «շարունակում է հակամարտություն հրահրել Մերձավոր Արևելքում՝ բացահայտորեն անտեսելով այս խորհրդի բանաձևերը՝ զենք տրամադրելով իր տարածաշրջանային դրածոներին, այդ թվում՝ Եմենում և Լիբանանում»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հստակ և միահամուռ կերպով դատապարտի այդ լկտի, ապակայունացնող գործունեությունը»՝ հայտարարել է դեսպան Վուդը։ «Երբ Իրանը բազմիցս և առանց հետևանքների կոպտորեն մարտահրավեր է նետում Անվտանգության խորհրդին և արհամարհում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակած մտահոգությունները, դա խաթարում է այս կառույցի վստահելիությունն ու հեղինակությունը, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG