Accessibility links

Breaking News

ԻՐԱՆՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ


Իրանի դատական համակարգի ներկայացուցիչը հայտարարել է, որ բանտարկված իրանցի երկու լրագրողները, որոնք լուսաբանել են 22-ամյա իրանցի Մահսա Ամինիի սպանությանն առնչվող իրադարձությունները, մայիսի վերջին կկանգնեն դատարանի առջև ։

Հիշեցնենք, երիտասարդ քրդուհին ձերբակալվեց Իրանի բարոյականության ոստիկանության կողմից՝ հիջաբը ոչ պատշաճ կրելու համար, և, փաստորեն, մահացավ անազատության մեջ՝ անցած տարվա սեպտեմբերին՝ հարուցելով բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ իսլամական հանրապետությունում կառավարող ռեժիմի։

Նիլուֆար Համեդին և Էլահե Մոհամադին 2022 թվականի սեպտեմբերից ի վեր պահվում են Իրանի ամենահայտնի բանտերում։ Պատճառը՝ նրանք ընդամենը գրել են Ամինիի դեպքի մասին: Երկուսին էլ մեղադրանքներ են առաջադրված՝ իշխող համակարգի դեմ քարոզչության, ազգային անվտանգությանը վնասող գործողության և Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար: Ըստ հաղորդագրության, նրանք զուրկ են եղել համապատասխան իրավական աջակցությունից:

Ճեպազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը անընդունելի է համարել Համեդիի և Մոհամադիի դեմ առաջ քաշված մեղադրանքները։ «Չենք ընդունում այդ մեղադրանքները»,- ասել է նա՝ հավելելով․ «Դրանք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը: Եվ ես նշեմ, որ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի իշխանությունները բազմիցս խախտել են մարդու իրավունքները, պատժել մարդկանց՝ իրենց հիմնարար ազատություններին տեր կանգնելու համար։ Նման մոտեցում է ցուցաբերվել իրանական հանրության, ներառյալ՝ լրագրողների նկատմամբ»:

Իրանում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության վերջին զեկույցում նշված են 2022 թվականին իսլամական հանրապետության իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ ու լուրջ դեպքեր։ Այդ թվում՝ բռնության կիրառում և կիռաման սպառնալիքներ, չհինավորված ձերբակալություններ, զրպարտության մասին քրեական օրենսգրքում առկա դրույթների կիրառում, համացանցի լրջագույն սահմանափակումներ և այլն։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության, Մահսա Ամինիի սպանությանը հաջորդած ցույցերի ընթացքում Իրանի անվտանգության ուժերի կողմից սպանվել են ավելի քան 500 մարդ, ձերբակալվել 19 հազարը: Բացի այդ, զեկույցում նշված է, որ քաղաքական այլախոհներն ու լրագրողները հաճախ մեղադրվում են մահապատժին արժանի հանցագործությունների մեջ, իսկ մահապատիժներն իրականացվում էին առանց պատշաճ դատավարության:

«Կեղծ դատավարությունները և մահապատիժները [Իրանի] ռեժիմի կողմից այլախոհության ցանկացած ձև ճնշելու հիմնական միջոցներն են»,- ասել է խոսնակ Միլլերը՝ հավելելով․ «Եվս մեկ անգամ… կոչ ենք անում Իրանի իշխանություններին՝ վերջ տալ կամայական ձերբակալություններին, դադարեցնել կեղծ դատավարություններն ու քայլերը՝ զրկելու Իրանի ժողովրդին հիմնարար ազատություններից, որոնց արժանի է»:

Սա Միացյալ Նահանգների կառավարության տեսակետներն արտացոլող խմբագրական էր:

XS
SM
MD
LG