Կրեմլը հայտարարեց, որ առաջ է շարժվելու Ուկրաինայի այս մարզերի մտացածին անեքսիայի ճանապարհով, չնայած, որ Ռուսաստանը լիովին չի վերահսկում այդ տարածքները։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դատապարտել է «Կրեմլի շինծու հանրաքվեները»՝ դրանք անվանելով «անիմաստ փորձ՝ քողարկելու այն, ինչը Ուկրաինայում հողերի գրավման հերթական քայլ էր»։ «Ավելի պարզ ասած», հավելել է նա, «արդյունքները կազմակերպվել են Մոսկվայում և չեն արտացոլում Ուկրաինայի ժողովրդի կամքը։
Միացյալ Նահանգները չի ճանաչում և երբեք չի ճանաչի այս շինծու հանրաքվեների կամ Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի մտացածին անեքսիայի օրինականությունը կամ արդյունքները»։ Ուկրաինական տարածքի բռնակցման Ռուսաստանի փորձերը խախտում են միջազգային իրավունքը և անարգանք են միջազգային խաղաղության և անվտանգության սկզբունքների հանդեպ։
«Ռուսաստանը հարկադրել է իր գրաված շրջանների բնակչության մեծ մասին փախչել, իսկ մնացած Ուկրաինայի քաղաքացիներին ստիպել է քվեարկել զենքի սպառնալիքի տակ, իրենց անվտանգության և իրենց մտերիմների անվտանգության համար վախի մթնոլորտում», ասել է պետքարտուղար Բլինքենը։ Ուկրաինայի ժողովուրդը մշտապես արտահայտել է ազատ և ժողովրդավարական ապագայի իր ձգտումը։ Նրանց զինվորները խիզախորեն մարտնչում են, իսկ Ռուսաստանի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում քաղաքացիները դիմադրում են Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կոպիտ ուժով փոխելու Մոսկվայի ջանքերին։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն սատարել Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիայի դեմ իր տարածքը պաշտպանելու պայքարում։ «Մենք ամբողջ սրտով աջակցում ենք Ուկրաինայի միասնությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
Նախագահ Ջո Բայդենն ասել է. «Մենք երբեք չենք ճանաչի այդ տարածքները՝ որպես որևէ այլ երկրի մաս, բացի Ուկրաինայից, և կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան պահանջվի»։ Նա նաև նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները «լրացուցիչ անհապաղ և լուրջ տնտեսական հետևանքներ կպարտադրի Ռուսաստանին»։ Միացյալ Նահանգները ամբողջ աշխարհում իր գործընկերների հետ միասին մերժում է ցանկացած կեղծված արդյունք, որի մասին հայտարարում է Ռուսաստանը։ «Մենք կշարունակենք սատարել ուկրաինացի ժողովրդին և նրանց աջակցություն ցուցաբերել անվտանգության ոլորտում, որպեսզի օգնենք նրանց պաշտպանվելու Ռուսաստանի ներխուժմանը խիզախորեն դիմակայելիս», հայտարարել է նախագահ Բայդենը։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։
Կրեմլի նախաձեռնած հանրաքվեները Ուկրաինայում անօրինական են

Մոսկվայի կողմից աջակցվող իշխանությունները շինծու հանրաքվեներ անցկացրեցին Ուկրաինայի չորս մարզերում՝ Դոնեցկում, Խերսոնում, Լուգանսկում և Զապորոժիեում։