Accessibility links

Breaking News

ԱՄԵՐԻԿԱՆ ՆՇՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐԸ


Սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը Ամերիկան նշում է Աշխատանքի օրը, որը նվիրված է աշխատավորներին և նրանց ներդրմանը Միացյալ Նահանգների և ամերիկյան հասարակության հաջողություններում։

Աշխատանքի օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել տասնիններորդ դարում՝ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում, որը հանգեցրեց հսկայական փոփոխությունների։ Դեռևս մինչև 1865 թվականին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ավարտը երկիրը պատրաստվում էր գյուղատնտեսականից արդյունաբերական արտադրության տնտեսական անցմանը, հատկապես՝ հյուսիսարևելյան խոշոր քաղաքներում։ Տեխնոլոգիական գյուտերի շնորհիվ ստեղծված մեխանիզմները և մեքենաները փոխարինում էին ձեռքի աշխատանքի վրա հիմնված արտադրությանը և ավելացնում արտադրության տեմպն ու բազմազանությունը, մինչդեռ երկաթգծերի շարունակ ընդլայնվող ցանցը հնարավորություն էր տալիս հումքը արագ փոխադրել գործարաններ, իսկ պատրաստի ապրանքները՝ շուկաներ։

Այդպիսի փոփոխությունները ստեղծեցին աշխատողների մեծ պահանջարկ։ Աշխատանք փնտրող ամերիկացիները գյուղական վայրերից տեղափոխվում էին արդյունաբերական կենտրոններ, ինչպիսիք են Նյու Յորքը, Չիկագոն և Փիթսբուրգը, այն դեպքում, երբ երկրում չէր դադարում ներգաղթյալների հոսքը, հիմնականում՝ Եվրոպայից, որոնք գալիս էին աշխատանքի և նոր հնարավորությունների հույսով՝ իրենց տնտեսական վիճակը բարելավելու համար։

Տնտեսության ընդլայնման պայմաններում հազարավոր աշխատավորներ ճգնում էին ֆաբրիկաներում, պողպատաձուլման գործարաններում և հանքերում՝ օրական 12 ժամ, շաբաթական 7 օր, սովորաբար նվազագույն աշխատավարձով և հաճախ դաժան, նույնիսկ վտանգավոր պայմաններում։ Բացի այդ, սովորական գործելակերպ էր դարձել հինգ տարեկանից սկսած երեխաների շահագործումը, որոնց վարձատրում էին չափահաս աշխատողների համար սահմանված՝ ժամում քսան ցենտից պակաս գումար։

Աշխատավարձի բարձրացման և աշխատանքային պայմանների բարելավման շուրջ գործատուների հետ բանակցություններում ազդեցության լծակներ ձեռք բերելու համար արհմիություններն ընդլայնվում էին և ավելի ակտիվ գործունեություն ծավալում։ Նրանք կազմակերպում էին գործադուլներ և հանրահավաքներ, որոնք հաճախ բռնի բնույթ էին կրում՝ գործադուլավորների և վարձու շտրեյկբրեխերների միջև բռնկվող բախումների պատճառով։ 1882 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի շրջանակներում Նյու Յորքի 10,000 աշխատավորներ դուրս չեկան աշխատանքի և քաղաքապետարանից երթով շարժվեցին դեպի մոտակա պուրակ։ Այդ ակցիան ստացավ «Աշխատավորի տոն» անվանումը։

Աշխատավորների օրը պաշտոնապես տոն հաստատելու մասին առաջին առաջարկները ենթադրում էին, որ միջոցառումը պետք է ներառի փողոցային շքերթ և աշխատավորների ու նրանց ընտանիքների ուրախ ժամանց։

Այսօր Աշխատանքի օրվա առիթով հանգստյան օրերն ազդարարում են ամռան պաշտոնական ավարտը։ Տոնի ակունքներին համահունչ՝ այն նշվում է շքերթներով և ընտանեկան կերուխումով, երեկույթներով և խորովածով։

Ինչպես հայտարարել է նախագահ Գրովեր Քլիվլենդը, որը 1894 թվականին ստորագրել է Աշխատանքի օրը ազգային տոն հռչակող օրենքը, «իսկական ամերիկյան զգացում է՝ ճանաչել աշխատանքի արժանապատվությունը և այն փաստը, որ ազնիվ աշխատանքը պատվաբեր է»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG