Accessibility links

Breaking News

Հակահետևակային ականները սպառնալիք են Ուկրաինայի համար ներկայում և ապագայում


Դեռևս մինչև Վլադիմիր Պուտինի չհրահրված ներխուժումը Ուկրաինա, հակահետևակային ականները և պատերազմից մնացած պայթուցիկ զինամթերքը լուրջ խնդիր էին ներկայացնում երկրի համար։

2014 թվականից ի վեր, երբ Ռուսաստանն իր զորքերը ուղարկեց Ուկրաինայի արևելք, 400 կիլոմետր ձգվող շփման գիծը, որն անցնում է Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններով և բաժանում է Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի ենթակա զորքերից, ենթարկվել է զանգվածային ականապատման։ Reliefweb տեղեկատվական հարթակի տվյալներով՝ մինչև 2021 թվականը մոտ երկու միլիոն ուկրաինացիներ եցել են բազմաթիվ այդպիսի պայթուցիկ վտանգների ազդեցության տակ։ Այն ժամանակ Ուկրաինան հակահետևակային ականների և ռազմական գործողություններից մնացած զինամթերքի պայթյունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվով աշխարհում հինգերորդ տեղում էր, իսկ հակատրանսպորտային ականների հետ կապված դժբախտ պատահարների թվով՝ առաջին եռյակում։ 2021 թվականին Ուկրաինայի Դոնբասի շրջանը համարվում էր աշխարհի՝ ականներով ամենաաղտոտված տարածքներից մեկը։

2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները համագործակցում է գործընկերների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ արևելյան Ուկրաինայի մարտադաշտերից պայթյունավտանգ զինամթերքի վնասազերծման և այդ շրջանում սովորական սպառազինությունների ավելցուկի ոչնչացման ուղղությամբ։

«Պետքարտուղարությունը, Պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը համագործակցում են օտարերկրյա կառավարությունների, մասնավոր ընկերությունների, միջազգային կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ հրաձգային զենքի և թեթև սպառազինությունների ավելցուկային պաշարների կրճատման ուղղությամբ, նպաստում են սովորական սպառազինությունների պատշաճ պահպանման լավագույն փորձի ներդրմանը, իրականացնում են ականազերծման ծրագրեր», նշել է սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով փոխպետքարտուղար Բոնի Ջենքինսը։

«2014 թվականից ի վեր Պայթուցիկ զինամթերքի վտանգների վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերի շրջանակներում համայնքի հետ տարվող իրազեկման աշխատանքի արդյունքում բազմաթիվ դժբախտ պատահարներ են կանխվել Ուկրաինայում։ Նախքան փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրազեկման աշխատանքներ են ապահովել Վերահսկման [Շփման] գծի երկայնքով ապրող բնակչության հետ՝ միայն 2021 թվականին անցկացնելով ավելի քան 670 դասընթացներ պայթուցիկ զինամթերքի վտանգների մասին՝ դժբախտ պատահարները և մահվան դեպքերը կանխելու նպատակով»։

«Ցավոք, դրան հետևած՝ Պուտինի կանխամտածված, չհրահրված և չարդարացված ներխուժումը, որը սկսվեց այս տարվա փետրվարի 24-ին, արդեն չեզոքացրել է մեր նախկին առաջընթացը՝ անհամեմատ ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչների ենթարկելով ռազմական գործողություններից մնացած պայթուցիկ զինամթերքի վտանգի սպառնալիքին», ընդգծել է փոխպետքարտուղար Ջենքինսը։

«Ռուսաստանի Դաշնության կողմից բնակելի թաղամասերի, մթերային խանութների, հիվանդանոցների, դպրոցների և նույնիսկ ատոմակայանի ռմբակոծումը և գնդակոծումն աղետալի են դարձնում այս իրավիճակը»։

«Ռուսաստանի ոչ խտրական հարձակումների հետևանքներից տարածքների մաքրման համար կպահանջվեն երկար տարիներ և լավ համակարգված միջազգային արձագանք», նշել է փոխպետքարտուղար Ջենքինսը։ «Միացյալ Նահանգները հետևողականորեն կսատարի Ուկրաինայի ժողովրդին օգնելուն ուղղված ջանքերը՝ վերականգնելու նրանց անվտանգ կյանքը և ազատելու նրանց ռուսական ռումբերի սպառնալիքից»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG