Accessibility links

Breaking News

Խաղաղության ուղին ընտրելը բխում է Ռուսաստանի շահերից


«Ռուսաստանը 100,000-ից ավելի զինծառայողներ է տեղակայել Ուկրաինայի սահմանին, ինչը ռազմական ուժի չհրահրված կուտակում է, և լրացուցիչ զորքեր է ուղարկել Բելառուս, իրենց պնդմամբ՝ լայնածավալ զորավարժությունների համար»։ Մոսկվայի հռետորաբանությունը գնալով դառնում է ավելի կոշտ և անազնիվ՝ նպատակ հետապնդելով Ուկրաինային ներկայացնել որպես ագրեսոր։ «Պաշտպանության պատրվակով այդքան կարճ ժամանակում Ուկրաինայի սահմանին մեծաթիվ զորքեր կուտակելն արդարացում չէ Ռուսաստանի համար», ասել է փոխպետքարտուղար Շերմանը։ «Ուկրաինան սպառանալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար»։

«Հարկ է կրկին անգամ շեշտել, որ հենց Ռուսաստանն է 2014 թվականին ներխուժել Ուկրաինա և այդ ժամանակից բռնագրավել Ղրիմը», նշել է փոխպետքարտուղար Շերմանը։ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի արևելքում պատերազմ հրահրել, որն արդեն խլել է շուրջ 14,000 մարդու կյանք և ավերել ամբողջ քաղաքներ։ Ռուսաստանը և իր կամակատարներն են հարյուրավոր ուկրաինացիների պահում որպես քաղբանտարկյալներ։ Եվ Ռուսաստանի գործողությունների արդյունքում է, որ գրեթե երեք միլիոն ուկրաինացի մարդասիրական օգնության խիստ կարիք ունի։

Ռուսաստանը միջամտել է Ուկրաինայի ընտրություններին և փորձել խարխլել Ուկրաինայի ժողովրդավարական ինստիտուտները։ Ռուսաստանն արգելափակել է էներգետիկան և առևտուրը, նախաձեռնել է կիբերհարձակումներ Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա, օգտագործել է քարոզչություն և ապատեղեկատվություն՝ անվստահություն և անկայունություն սերմանելու համար։

«Միացյալ Նահանգները սատարում է ուկրաինացի ժողովրդին, և մենք հավատարիմ ենք Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը», ընդգծել է փոխպետքարտուղար Շերմանը։ 2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 5,5 միլիարդ դոլարի աջակցություն է հատկացրել Ուկրաինային ինչպես անվտանգության, այնպես էլ այլ կարիքների ապահովման համար, այդ թվում՝ ավելի քան 351 միլիոն դոլարի օգնություն Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին կամ տուժածներին։

Միացյալ Նահանգները շարունակում է նաև օգնություն տրամադրել Ուկրաինային պաշտպանական անվտանգության ոլորտում։ Նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերին հաստատել է անվտանգության ոլորտում 200 միլիոն դոլարի օգնության հատկացումը, որի առաջին խմբաքանակները վերջին օրերին սկսել են ժամանել Կիև։ ԱՄՆ Կոնգրեսը վերջերս ավելացրել է Անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության նախաձեռնության ֆինանսավորումը: ԱՄՆ-ն նաև աշխատում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ներառյալ՝ բալթյան պետությունների, ճգնաժամային այս ժամանակաշրջանում Ուկրաինային դիվանագիտական աջակցություն և այլ օգնություն տրամադրելու համար։

«Եթե Ռուսաստանը շարունակի ներխուժումը Ուկրաինա, կառերեսվի շատ ավելի լուրջ հետևանքների, քան 2014 թվականին», նախազգուշացրել է փոխպետքարտուղար Շերմանը։ «Միացյալ Նահանգները և մեր եվրոպացի դաշնակիցներն ու գործընկերները միասին աշխատում են՝ նախապատրաստելու համակարգված տնտեսական միջոցառումներ, որոնք իրենց կոշտությամբ և տևականությամբ շատ թանկ կնստեն Ռուսաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի վրա, եթե Ռուսաստանը կատարի այդ ճակատագրական քայլը»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG