Accessibility links

Breaking News

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ


Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հրապարակել է զեկույց Բելառուսում մարդու իրավունքների զանգվածային և համակարգային ոտնահարումների մասին, որոնք իրականացվել են Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգի կողմից օգոստոսի 9-ին կեղծված ընտրությունների ընթացքում և դրանից հետո։

ԵԱՀԿ զեկույցում նշվում է, որ Լուկաշենկոյի հիմնական նպատակը «ցուցարարներին պատժելն է և ահաբեկելը»։

Խաղաղ ցուցարարների, ընդդիմության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ չարաշահումները ներառում են խոշտանգումներ, կամայական ձերբակալումներ, ինչպես նաև խոսքի և խաղաղ հավաքների ազատության սահմանափակում։

Ինչպես նշում է զեկույցի գլխավոր հեղինակ, միջազգային իրավունքի պրոֆեսոր Վոլֆգանգ Բենեդեքը, «հատկապես մտահոգիչ է այն փաստը, որ քաղաքական ընդդիմության ճնշման ընթացքում անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների և վատ վերաբերմունքի հիմնավոր փաստագրված դեպքերը դեռևս չեն հանգեցրել որևէ մեկին պատասխանատվության ենթարկելուն, ինչը հաստատում է ընդհանուր անպատժելիության մասին պնդումները, այդ թվում նաև քաղաքական գործերով արդար դատաքննության բացակայության պատճառով»։

Վիճահարույց ընտրություններից ի վեր Բելառուսում չեն դադարել զանգվածային ցույցերը՝ ուժեղացնելով ճնշումը նախագահ Լուկաշենկոյի վրա, որը 26 տարի շարունակ իշխանության ղեկին է և հրաժարվում է ընդունել ընտրությունների կեղծված լինելու փաստը։

Ըստ մամուլի հաղորդումների՝ նախագահ Լուկաշենկոն խստացրել է իշխանության վերահսկողությունը՝ մասամբ փակելով արևմտյան սահմանը, փոխելով ներքին գործերի նախարարին և կոչ անելով անվտանգության աշխատակիցներին ավելի կոշտ ճնշում գործադրել ցուցարարների նկատմամբ։

Միացյալ Նահանգները «ոգեշնչված է բելառուս ժողովրդի տոկունությամբ և արժանապատվության զգացումով», ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Բելառուսի իշխանություններին դադարեցնել բռնաճնշումները և ականջալուր լինել անկախ դիտորդական առաքելության ներքո ազատ և արդար ընտրություններ անցկացնելու բելառուս ժողովրդի պահանջներին»։

ԵԱՀԿ զեկույցում ներկայացված են առաջարկություններ, որոնք Բելառուսի իշխանություններին տրամադրում են ճգնաժամից դուրս գալու ուղիներ։ Ծրագիրը նախատեսում է. ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայություն, բելառուս ժողովրդի նկատմամբ բռնությունների դադարեցում և չարաշահումների մեղավորներին պատասխանատվության ենթարկում։ Բացի այդ, անհրաժեշտ է ազատ արձակել անարդարացի կերպով բոլոր ձերբակալվածներին և ծավալել համազգային բովանդակային երկխոսություն քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Միացյալ Նահանգները սատարում է Բելառուսի ժողովրդին արդարության և ազատ ու ազնիվ ընտրությունների համար նրա մղած պայքարում։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG