Accessibility links

Breaking News

Հիշատակի օրը. 2021


Մայիսի վերջին երկուշաբթի օրը ամերիկացիներն ամեն տարի նշում են հայրենիքի համար իրենց կյանքը զոհած զինվորականների հիշատակը: Այդ օրն Ամերիկայում հիշում են նաեւ նրանց կողմից իրականացված զոհաբերությունները, որոնց հիման վրա է ամրապնդվել երկրի պաշտպանական համակարգը:

Հիշատակի օրն առաջին անգամ նշել են 1868 թ.-ին ՝ ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ավարտից երեք տարի անց: Հիշատակի օրն այստեղ նպատակ չի ունեցել նշելու որեւէ ճակատամարտ կամ պատերազմ: Գլխավոր նպատակը բոլոր զոհերին հիշելն է ու նրանց հիշատակը հարգելը, նրանց շիրիմներին այցելելը, շիրիմներին ծաղիկներ տեղադրելը:

Հիշատակի օրն առաջին անգամ նշելիս` մոտ 5000 անձինք Վաշինգտոնի Արլինգթոնի գերեզմանատանը զարդարեցին Քաղաքացիական պատերազմին զոհ գնացած 20 զինվորականների գերեզմանները, անկախ նրանից, թե ընկածները որ կողմում են մղել իրենց կռիվը: Դրանից հետո էր, որ այն վերածվեց ավանդույթի ու տարածվեց երկրով մեկ:

Այսօր երկրի ողջ տարածքում քաղաքներն ու ավանները նշում են Հիշատակի օրը շքերթներով, որոնց մասնակցում են զինվորական անձնակազմեր և վետերանների կազմակերպությունների անդամներ: Մարդիկ այցելում են գերեզմանատներ և հուշարձաններ: Ոմանք կրում են փոքրիկ կարմիր կակաչ ՝ ի հիշատակ պատերազմներում զոհվածների: Կակաչ կրելու ավանդույթը սկսվեց Առաջին աշխարհամարտիժամանակ, հենվելով Ֆրանսիայում 1915-ի մայիսին զոհված ընկերոջ հիշատակին մի զինվորականի կողմից գրված բանաստեղծության վրա: Դա այն ամիսն էր, երբ կարմիր կակաչները ծաղկում են դաշտերում ու մարգագետիններում, ծաղկում զիվորականների շիրիմների վրա:

Եվ ահա, Հիշատակի յուրաքանչյուր օր երկրի ողջ տարածքում գտնվող գերեզմանատներում շիրմաքարերին ու հուշատախտակներին փոքրիկ դրոշներ ու գունավոր ծաղիկների ծաղկեփնջերն են զարդարում: Իսկ փոքրիկ կարմիր կակաչները խորհրդանշում են այն զինվորականներին, որոնք ընկել են մարտերում հանուն հայրենիքի պաշտպանության, հանուն այն կյանքի ու արժեքների, որոնց հավատացել են իրենք: Հանուն արժանապատվության, ինչը հիշելու ենք մշտապես:

XS
SM
MD
LG