Այս տարի մայիսի 27-ին հազարավոր ամերիկյան դրոշակներ հայտնվեցին տապանաքարերի և հուշատախտակների կողքին՝ պատվելով յուրաքանչյուր ընկած հերոսի հիշատակը։
«Ամեն տարի մենք՝ որպես երկիր, կատարում ենք հիշատակի այս արարողությունը, քանի որ չպետք է մոռանանք այն գինը, որը վճարվել է մեր ժողովրդավարությունը պաշտպանելու համար»,- ասել է նախագահ Ջո Բայդենը։ «Երբե՛ք չպետք է մոռանանք այս դրոշները, ծաղիկները, տապանաքարերը, որոնք մարդկանց մասին են՝ մայրերի, հայրերի, որդիների, դուստրերի, քույրերի, ամուսինների, ընկերների։ Ամերիկացիների»։
Ատլանտյան օվկիանոսի ափերից մինչև Խաղաղ օվկիանոս ԱՄՆ քաղաքացիները Հիշատակի օրը նշում են նաև զորահանդեսներով, որոնց մասնակցում են զինծառայողներ ու վետերաններ։ Քաղաքական գործիչները հանդես են գալիս խիզախությունն ու նվիրվածությունը գովերգող ելույթներով։ Ամենից տպավորիչ մասը, իհարկե, մեկ րոպե տևող լռությունն է ողջ երկրում՝ ի հիշատակ զոհվածների։
«Պատմության ընթացքում մեր զինծառայողները կռվել են հանուն մեր ժողովրդավարության և, եթե հարկ է եղել, զոհաբերել են իրենց կյանքը»,- ասել է նախագահ Բայդենը։
Բայդենը շարունակել է, թե լուռ քարերը նրանց և նրանց ընտանիքների ծառայությանն ու անձնազոհության վկայությունն են։
«Տեսնում ենք այդ ՆԱՏՕ-ի հզորության մեջ՝ հիմնված այն կապերի վրա, որոնք մենք առհավետ կռել ենք երկու աշխարհամարտերի հրե ճանապարհին։ Տեսնում ենք այդ մեր զորքերում, որոնք այսօր էլ կանգնած են Կորեական թերակղզում՝ պահպանելով խաղաղությունը՝ մեր դաշնակիցների հետ կողք կողքի։ Տեսնում ենք այդ յուրաքանչյուր ռազմակայանում, զորանոցում, աշխարհով մեկ պտտվող մեր նավերի վրա, ուր հպարտությամբ ծառայություն են իրականացնում մեր զինվորականները և հանդես են գալիս որպես բարու ներկայացուցիչ»,- ասել է նախագահ Բայդենը։
«Այս օրը կրկին հավաքվում ենք՝ խորհելու, հիշելու, բայց առաջին հերթին վերահաստատելու մեր նվիրվածությունը այն ապագային, որի համար պայքարել են մեր զոհված հերոսները, այն զինծառայողներին, որոնք զոհվել են հանուն ազատության, ժողովրդավարության, հավասարության, հանդուրժողականության, հնարավորությունների և, այո՛, արդարության վրա հիմնված ապագայի»։
Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։