Accessibility links

Breaking News

Ադրբեջանում շարունակում են ճնշել ազատ խոսքը


Toplum TV-ի գրասենյակը խուզարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից
Toplum TV-ի գրասենյակը խուզարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից

Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» ադրբեջանական ոստիկանության կողմից անկախ լրատվամիջոցի գրասենյակում խուզարկությունների իրականացման և անկախ լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալման մասին հաղորդագրություններով՝ հայտարարել է Մեթյու Միլլերը։

Այս մարտի 6-ին ոստիկանությունը ներխուժել է առցանց հեռարձակմամբ զբաղվող «Toplum» հեռուստաալիքի գրասենյակ, խուզարկություններ իրականացրել և ձերբակալել այնտեղ աշխատող մոտ մեկ տասնյակ լրագրողների։ Դրանից հետո «Toplum»-ի գրասենյակը կապարակնքվել է։ Հաղորդվում է, որ նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է «Երրորդ Հանրապետության հարթակի» մի քանի անդամների, որոնց հայտարարված նպատակը ընտրական ժողովրդավարության վրա հիմնված ապակենտրոնացված և աշխարհիկ հանրապետության ստեղծելն է։ Ձերբակալվել են նաև ժողովրդավարամետ NIDA քաղաքացիական կազմակերպության անդամները։

Մի քանի լրագրողներ և քաղաքացիական հասարակության ակտիվիստներ ազատ են արձակվել կեսգիշերին մոտ, սակայն մյուսները մնացել են կալանքի տակ։

«Toplum» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրը հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան է, որը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյի նախկին ղեկավարն է։ Իսմայիլովան՝ ինքը ենթարկվել է հետապնդման և բանտարկվել է Ալիևի վարչակարգի կողմից։ Նրան առաջադրվել էին կեղծ մեղադրանքներ, սակայն իրական պատճառը՝ Ադրբեջանի կառավարության ամենաբարձր օղակներում առկա կոռուպցիայի մասին իր հետաքննություններն էին։ Մեկնաբանելով խուզարկությունները և վերջին ձերբակալությունները՝ Իսմայիլովան ասել է. «Տեղի ունեցածի համար ողջամիտ բացատրություն չկա։ [Իշխանությունները], կարծես, ցանկանում են երկրում ամբողջությամբ վերացնել անկախ լրատվամիջոցները, որպեսզի քննադատական կարծիքների համար հարթակներ չմնան։ Մենք որևէ անօրինական գործունեության մեջ ներգրավված չենք եղել»։

Անկախ լրատվամիջոցներին վերացնելու Ադրբեջանի իշխանությունների մտադրությունը, կարծես, ուժեղացել է վերջին ամիսներին։ Անցած տարվա նոյեմբերից ի վեր Ալիևի վարչակարգը ձերբակալել է կառավարությանը քննադատող բազմաթիվ լրագրողների, ոմանք կանչվել են հարցաքննության։ Նրանց թվում «Abzas Media» անկախ լրատվամիջոցի ղեկավարները։ Թիրախում են հայտնվել նաև քաղաքացիական հասարակության կարկառուն ներկայացուցիչներ։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Ադրբեջանում անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին վերջին հաղորդագրություններով։

«Մեր վճռական առարկություններն ենք հայտնում լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ընդդիմության գործիչներին ահաբեկելու, ճնշելու և պատժելու շարունակական փորձերի դեմ։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել իրենց հիմնարար ազատությունները իրականացնողների նկատմամբ հետապնդումները և հորդորում ենք ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ապօրինի ձերբակալված և անազատության մեջ պահվող անձանց»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG