Accessibility links

Breaking News

ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում նշվելու է դաշինքի ստեղծման 75-ամյակը


Երկու զինվորականներ կանգնած են ՆԱՏՕ-ի դաշինքի անդամների դրոշների տակ՝ ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հինգշաբթի, 4 ապրիլի, 2024թ.
Երկու զինվորականներ կանգնած են ՆԱՏՕ-ի դաշինքի անդամների դրոշների տակ՝ ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հինգշաբթի, 4 ապրիլի, 2024թ.

Հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առանցքային տեղ է զբաղեցնելու պատմության մեջ, թերևս, ամենից հաջող պաշտպանական դաշինքի գործունեության 75-ամյակին նվիրված հատվածը։ Նաև օրակարգում, անշուշտ, ընթացիկ մարտահրավերներն են ու ապագայի նկատմամբ տեսլականը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս տված հարցազրույցում ընդգծել է՝ կարևոր է հիշել, թե ինչն է ընկած ՆԱՏՕ-ի ստեղծման հիմքում։

«Դա հավաքական պաշտպանության ուժն է։ [ՆԱՏՕ-ի կանոնադրության] 5-րդ հոդվածի ուժը, ուր ասված է, որ մեկի վրա հարձակումը՝ հարձակում է բոլորի վրա, ինչը ագրեսիան զսպող գործոններից ամենաուժեղն է, պատերազմը կանխելու, հակամարտությունից խուսափելու ամենաուժեղ և ամենաարդյունավետ միջոցը, քանզի ցանկացած պոտենցիալ ագրեսոր գիտի, որ կազմակերպության յուրաքանչյուր անդամի վրա հարձակումը նշանակում է, որ ստիպված է լինելու գործ ունենալ դաշինքի բոլոր անդամների հետ»։

Ներկայում ՆԱՏՕ-ի անդամ երկրները 32-ն են։ Ֆինլանդիան ու Շվեդիան վերջերս են անդամակցել դաշինքին, ինչը պետքարտուղար Բլինքենի խոսքով, «մեծամասնության համար անհավանական էր թվում ընդամենը մի քանի տարի առաջ»։

«Մեր դաշինքն ուժեղացել է, և այնտեղ ավելի շատ ներդրումներ են արվում, քան երբևէ։ Այժմ 23 երկրներ կատարում են իրենց ՀՆԱ-ների [առնվազն] 2%-ը պաշտպանությանը հատկացնելու պարտավորությունը, որը սահմանվել է 2014 թվականին Ուելսում կայացած գագաթնաժողովում։ 2021 թվականին ընդամենը ինը երկիր էր բավարարում այդ չափանիշը։ Այժմ դրանք 23-ն են, ինչը նշանակում է պաշտպանությանն ուղղված ներդրումների 18% աճ ողջ դաշինքում»։

Դաշինքի ամրապնդման մեկ այլ ուղղություն է գործընկերությունը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող երկրների հետ.

«ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովին, ինչպես նախորդ երեք տարիների [գագաթնաժողովներում], ներկա կգտնվեն Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր չորս գործընկերները՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան և [Հարավային] Կորեան։ Սա, իրապես, նոր երևույթի դրսևորումներից մեկն է․ Եվրոպայի գործընկերները ավելի հաճախ են համարում աշխարհի մյուս ծայրում՝ Ասիայում, առկա մարտահրավերները իրենց համար արդիական, ինչպես և Ասիայի գործընկերները իրենց համար արդիական են համարում Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները։ [Ճապոնիայի] վարչապետ Կիսիդան այդ լավագույնս արտահայտել է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի առնչությամբ։ Նա հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում, վաղը կարող է տեղի ունենալ Ասիայում»։

Ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, «թույլ կտա համոզվել, որ ունենք պաշտպանության պատշաճ միջոցներ ողջ դաշինքում, որտեղ դրանք անհրաժեշտ են... ։ Դա ակնհայտորեն բխում է այն մարդկանց շահերից, որոնց մենք բոլորս ներկայացնում ենք»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG