Accessibility links

Breaking News

ՆԱՏՕ-ն 75 տարեկան է


ՆԱՏՕ-ն 75 տարեկան է
ՆԱՏՕ-ն 75 տարեկան է

75 տարի առաջ՝ այս օրերին ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը կամ ՆԱՏՕ-ն՝ 12 հիմնադիր անդամների կողմից, և նպատակ ունենալով պահպանել անդրատլանտյան խաղաղությունը։

Յոթուկես տասնամյակ ՆԱՏՕ-ն չեզոքացրել է Արևմտյան Եվրոպայի ազատ երկրներին «Երկաթե վարագույրի» հետևից սպառնացող վտանգը, օգնել է խուսափել Խորհրդային Միության հետ պատերազմից, աջակցել է նորանկախ պետություններին բռնել ժողովրդավարության ուղին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։

«Պարտական ենք միլիոնավոր զինվորների, նավաստիների, օդաչուների, որոնց խիզախությունն ու իրենց կյանքը վտանգելու պատրաստակամությունը արժևորել են միմյանց պաշտպանելու մեր սրբազան պարտավորությունը»։

Տարիների ընթացքում ի հայտ են եկել նոր մարտահրավերներ, որոնք ՆԱՏՕ-ի հիմնադիրները նույնիսկ չէին էլ կարող կանխատեսել։ Սակայն դաշինքը միասնական ուժերով դիմակայում է այդ սպառնալիքներին՝ ասել է պետքարտուղար Բլինքենը։

«Նախորդ երեք տարիներին ուժեղացրել ենք զսպման մեր մեխանիզմները, ամրապնդել մեր արևելյան թևը, ավելացրել ենք ներդրումները մեր պաշտպանական արդյունաբերությունում, գործարկել ենք նոր ռազմավարական հայեցակարգ, ընդունել ենք երկու նոր անդամների [Ֆինլանդիան և Շվեդիան]։ Այս ամենի հիման վրա մեր առաջնորդները կկառուցեն իրենց հետագա անելիքները՝ հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում»։

ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ «Այն երբեք ծրագրեր չի ունեցել և չի ունենա հավակնելու որևէ այլ երկրի տարածքի»։

«Ինչպես ասել է [ԱՄՆ նախկին նախագահ] Թրումանը՝ դաշինքի ստեղծման ժամանակ, այս պաշտպանական կառույցի նպատակն է թույլ տալ մեզ կենտրոնանալ բարեկեցության, կառավարման, հասարակության խնդիրների վրա՝ ապահովելով ավելի լիարժեք ու երջանիկ կյանք մեր բոլոր քաղաքացիների համար։ ՆԱՏՕ-ի հաջողության իրական ցուցանիշը ոչ միայն այն թշնամիներն են, որոնց նա զսպում է, կամ այն տարածքը, որը նա պաշտպանում է, այլև բոլոր այն անվտանգային և ազատության երաշխիքները, որոնց օգնությամբ մեր քաղաքացիները զգալիորեն բարելավել են իրենց կյանքը»։

«Զարմանալի չէ, որ ժողովրդավարական երկրները շարունակում են մեծ զոհողությունների գնալ՝ դաշինքին միանալու համար։ Այս յուրահատուկ դաշինքի ստեղծման տարելիցի օրը ... եկեք վերստին հաստատենք մեր հանձնառությունը՝ խաղաղության հիմքերի ամրապնդման, ինչպես նաև նոր սպառնալիքների կանխարգելման գործում»,- ասել է Էնթոնի Բլինքենը։

«Ի վերջո, եկեք միասին պաշտպանենք այն ամենը, ինչ կառուցել ենք 75 տարվա ընթացքում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո, և երաշխավորենք, որ այն կմնա ուժեղ և բարգավաճի գալիք 75 տարիներին ու դրանից հետո էլ երկար ժամանակ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության տեսակետը։

XS
SM
MD
LG