Accessibility links

Breaking News

Մոռացված արևադարձային հիվանդությունների օր


Հունվարի 30-ին նշվում է Մոռացված արևադարձային հիվանդությունների երրորդ ամենամյա համաշխարհային օրը, որի նպատակն է բարձրացնել այս ախտաբանությունների վերաբերյալ իրազեկության մակարդակը։ Այն նաև միտված է՝ ապահովելու դրանց դեմ պայքարի համար անհրաժեշտ քաղաքական աջակցություն և ներդրումներ:

Այս հիվանդությունները համարվում են «մոռացված», քանի որ պատշաճ ուշադրության չեն արժանանում առողջապահական համաշխարհային օրակարգում և բավարար ֆինանսավորում չեն ստանում։ Դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք առավելապես հանդիպում են աղքատ համայնքներում։

Մոռացված արևադարձային հիվանդությունները մակաբուծային, բակտերիալ և վիրուսային ծագման վարակներ են։ Դրանք հաշմանդամության հանգեցնող քրոնիկ հիվանդություններ են, որոնք բարգավաճում են անբավարար սանիտարահիգիենիկ և մաքուր խմելու ջրի բացակայության պայմաններում։ Առավել տարածված են՝ փղախտը, տրախոման, գետային կուրությունը, շիստոսոմոզը և աղիքային որդերը։

Այսօր այս հիվանդություններով տառապում է մոտ մեկ միլիարդ մարդ՝ հիմնականում Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Սակայն ըստ պատմական արձանագրությունների՝ մոռացված արևադարձային հիվանդությունները դարեր շարունակ եղել են կուրացման, հաշմման, խեղման և մահվան պատճառ։ Եվ սերնդեսերունդ դրանց ազդեցությունը անհատների և համայնքների վրա շարունակում է կործանարար լինել։ Դրանք խաթարում են երեխաների մտավոր զարգացումը և նվազեցնում նրանց հաճախելիությունը դպրոց, սահմանափակում են վարակված անձանց աշխատելու և զարգանալու կարողությունը։ Եվ քանի որ ախտահարվածների մեծ մասի համար բժշկական օգնությունը ոչ միշտ է հասանելի, նրանք հայտնվում են աղքատություն-հիվանդություն արատավոր շրջանում։

Թերևս մոռացված արևադարձային հիվանդությունների մեծ մասը ենթակա է կանխարգելման կամ բուժման՝ հաճախ ոչ թանկարժեք դեղամիջոցներով։ Միացյալ Նահանգների կառավարությունը միացել է այս հիվանդությունների վերահսկման համաշխարհային ջանքերին 2006 թվականին։ Այդ ժամանակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) մեկնարկեց պետական-մասնավոր համագործակցությամբ իրականացվող «Մոռացված արևադարձային հիվանդությունների ծրագիրը»՝ ուղղված այս հիվանդություններով տառապողների բուժմանը։ Այն նաև միտված է հիվանդությունների տարածման կանխարգելմանը՝ ռիսկային համայնքների բացահայտման, ինչպես նաև դեղագործական ընկերությունների նվիրաբերած դեղերի բաշխման միջոցով, որն իրագործվում է զանգվածային բուժման արշավների և արդյունքների գնահատման եղանակով։

2006 թվականից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ն ավելի քան 1 միլիարդ դոլար է տրամադրել մոռացված արևադարձային հիվանդությունների վերացման համար։ ԱՄՆ կառավարության ներդրած յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց նվիրաբերվել է 26 դոլարին համարժեք դեղամիջոց զանգվածային բուժման արշավների համար, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 27,6 միլիարդ դոլար։ Այսօր շուրջ 500 միլիոն մարդ ապաքինվել է երեք առավել ծանր արևադարձային հիվանդություններից։

ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով համագործակցում է իր բազմաթիվ գործընկերների հետ՝ հետզհետե կրճատելու և, ի վերջո, արմատախիլ անելու այս հյուծող հիվանդությունները և բարելավելու ավելի քան մեկ միլիարդ մարդու կյանքի որակը։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG