Accessibility links

Breaking News

Յուրաքանչյուր րոպեն թանկ է


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված, դաժան պատերազմը ծրագրված պլանով չընթացավ։ Ուկրաինան հրաժարվում է դադարեցնել հանուն ժողովրդավարության իր պայքարը և համաձայնել Ռուսաստանի պահանջներին։

Ռուսաստանը խաղաղ բնակչության դեմ կիրառել է ռումբեր, ականներ, տանկեր և ծանր հրետանի՝ ձգտելով ծնկի բերել Ուկրաինային, սակայն Ուկրաինան համառորեն դիմակայում է։

Ռուսաստանը նաև զենք է դարձրել պարենի մատակարարումը՝ ոչնչացնելով հացամբարներն ու այլ պահեստներ, ականապատելով դաշտերը, հարձակվելով սննդի վերամշակման ու ստուգման ձեռնարկությունների վրա և հափշտակելով հացահատիկ ու գյուղատնտեսական տեխնիկա։ Ռուսաստանը շրջափակել է Ուկրաինայի սևծովյան նավահանգիստները՝ թույլ չտալով ուկրաինական սննդամթերքի ու պարարտանյութի մատակարարումը դրա խիստ կարիքն ունեցող երկրներ։

Յուրաքանչյուր րոպե գրեթե 100 մարդով «ավելանում է սովի և աղքատության հասցվածների թիվը Պուտինի պատերազմի հետևանքով», ասել է ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանթա Փաուերը։

«Ամեն րոպե, որ տևում է Պուտինի կողմից ուկրաինական հացահատիկի մատակարարման շրջափակումը, ամեն րոպե, որ շարունակվում է պարարտանյութերի արտահանման նրա արգելքը, ամեն րոպե, երբ տեղի են ունենում նրա հարձակումները Ուկրաինայի վրա՝ խորացնելով կլիմայական և գնային ցնցումները, որոնց արդեն բախվում է մեր աշխարհը, ամեն րոպե ևս հարյուր մարդ լրջորեն տուժում է»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ Պուտինի սանձազերծած պատերազմի արդյունքում այս տարի ավելի քան 31 միլիոն մարդ կարող է հայտնվել աղքատության մեջ, որոնց կեսը կարող է սովի մատնվել։ Ներկայումս պարենի ամենամեծ կարիքը զգացվում է Սոմալի թերակղզու երկրներում, որոնք չորրորդ տարին անընդմեջ տուժում են երաշտից։

«Սոմալի թերակղզում երաշտն արդեն իսկ հանգեցրել է միլիոնավոր կենդանիների անկման, իսկ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կանխատեսումներով՝ սպասվում է «մանկական մահացության շեշտակի աճ», ասել է Փաուերը։

«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների վերջին համաժողովում նախարարները խոստացել են 4,5 միլիարդ դոլար հատկացնել համաշխարհային պարենային անվտանգության խնդիրների լուծման համար։ Այդ գումարի կեսից ավելին կտրամադրի Միացյալ Նահանգները. նախագահ Բայդենը պարտավորություն է ստանձնել հատկացնելու 2,76 միլիարդ դոլարի օգնություն։ Այդ գումարից երկու միլիարդը կօգնի փրկել կյանքեր արտակարգ իրավիճակներում աջակցության միջոցով, մինչդեռ 760 միլիոնը նախատեսված է կարճաժամկետ հեռանկարում կայուն պարենային օժանդակության համար՝ ներխուժումից առավել խիստ տուժած խոցելի երկրներին պարենային անվտանգության անհապաղ աջակցություն տրամադրելու նպատակով։

«Մեր արձագանքի մեծ մասը, եթե անկեղծ լինենք, արտակարգ իրավիճակներում աջակցության տրամադրումն է, պարզ ասած՝ անհրաժեշտություն կա գումարներ հավաքելու, շատ ավելի մեծ գումարներ», նշել է Փաուերը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում։ «Մեզանից յուրաքանչյուրը պետք է դրսևորի նույնչափ առատաձեռնություն, որը մենք ցուցաբերել ենք Ուկրաինայի հանդեպ, և հատկացնի ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են այս պահին պատերազմի պակաս տեսանելի զոհերին օգնելու համար։

«Մենք ոչ մի րոպե չենք կարող կորցնել»։

Սույն խմբագրականն արտացոլում է Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

XS
SM
MD
LG